ԲՀԿ-ն Հովիկ Աբրահամյանին խնայո՞ւմ է, թե՞ քննադատելու «հավես» չունի.
«Հրապարակ» թերթը գրում է. «2015 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծն ԱԺ քառօրյայում այն էնտուզիազմով չքննադատվեց, ինչպես սովորաբար լինում էր: ՀՀԿ-ն էլ պաշտպանվեց, բայց էլի այն լուրջ փաստարկներով չէ, ինչպես նախկինում ջանում էին: Թվում էր՝ բոլորը կարծում էին, որ «քննադատենք-չքննադատենք, միևնույն է, ՀՀԿ-ականներն անցկացնելու են»: ՀՀԿ-ում էլ, իրենց «կոճակի զորությունը» քաջ գիտակցելով, այլևս չեն փորձում զուր էներգիա վատնել թեթև «քլնգոցներին» հակադարձելու վրա:
ԲՀԿ-ի կողմից բյուջեում թերություններ հայտնաբերելու հիմնական պատասխանատու Միքայել Մելքումյանը, ում ուսերին էր դրված այս բյուջեն քննադատելու հիմնական բեռը, մեզ ասաց, որ բյուջեն մերժելու հիմնավորումը երկու մասից է բաղկացած՝ մասնագիտական, այսինքն՝ ֆինանսատնտեսական և քաղաքական:
Ֆինանսատնտեսական առումով Մելքումյանը բերեց այն հիմնավորումը, որ բյուջեում նախատեսված է ցածր տնտեսական ցուցանիշ՝ 4,1 տոկոս, որն էլ, տարբեր ռիսկերով պայմանավորված, կառավարությունը կկարողանա ապահովել ոչ ամբողջությամբ՝ մոտ 2,5 տոկոսով, իսկ դա, ըստ պատգամավորի, գնաճի արդյունք է լինելու։ Քաղաքականն էլ այն է, որ պետք է իշխանության քաղաքական մենաշնորհը վերանա։
Քննադատություններում ավելի մեղմ լինելն ու Աբրահամյանին խնայելն էլ ԲՀԿ-ական պատգամավորը պայմանավորեց զուտ տակտիկական հանգամանքներով. «Դա տակտիկական հարց է, և դրանք տարբեր նկատառումներով են լինում»։ Իսկ ինչո՞վ է Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից լավը, որ նրան խնայում են, իսկ նախորդին անխնա քննադատում էին. «Ընդամենը ժամանակային, որ նա ապրիլից է աշխատում, էդքան բան։ Այսինքն՝ հլը որ էդ պատասխանատվության մեծ բանը, որ հին սխալները պիտի կարգավորի, չկա»,- ասաց նա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
