ԲՀԿ-ն կփրկվի, եթե «վիրահատական» մեթոդով կտրի իր կապը իշխանություններից. Զարուհի Փոստանջյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է` Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ չէ, ուստի նա չուներ այդքան լիազորություններ, որ գնար Մինսկ և ստորագրեր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթուղթը:
Նա դատապարտում է այդ անդամակցումը և հայտարարում. «Այդ անդամակցումը ոչ թե անշրջելի փաստ է, այլ` ժամանակավոր երևույթ, որի մեջ մեզ գցել է Սերժ Սարգսյանը, ինչպես մյուս ավանտյուրային ստորագրությունները` Մադրիդյան սկզբունքներն ու հայ-թուրքական արձանագրությունները»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, նա կարծիք հայտնեց, թե «ողջունելի է, որ հանրահավաքը գոնե կայացավ»: Պատգամավորը Րաֆֆի Հովհաննիսյանի պես կարծում է, որ եռյակի հարթակը միասնական օրակարգ չուներ, և հույս է հայտնում, որ գոնե հոկտեմբերի 24-ի հանրահավաքի հարթակը կունենա միասնական օրկարագ և գործողությունների պլան: Զարուհի Փոստանջյանը ինքը անձամբ մշակել է միացյալ հարթակի օրակարգ, և դրա իրականացման ուղիները, և հույս ունի, որ եռյակը արժանի քննակման կդնի իր ներկայացրած առաջարկները:
Այն հարցին, արդյոք՞ ԲՀԿ-ն կքննարկի Զարուհի Փոստանջյանի այս առաջարկները, եթե այդ քաղաքական ուժը չի հայտարարել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին, պատասխանեց, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը արդեն հայտարարել են իշխանափոխության անհրաժեշտության մասին, իսկ իշխանափոխությունը ենթադրում է օրակարգ և հստակ քայլեր, իսկ քայլերից մեկը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացն է, որը պետք է սկսվի Ազգային Ժողովում:«հարթակում կմնան այն ուժերը, որոնք կսկսեն այդ գործընթացը»,- ասաց նա` հավելելով. «Եթե եռյակը իրապես իր մտադրություններում ազնիվ ու արդար է, ապա այս բոլոր գործողություննեը պետք է սպասարկի, եթե իր մտադրությունները ազնիվ չեն, ուրեմն եռյակը պետք է հետ կանգնի: Իմ նշած կետերից է կախված` կարո՞ղ է տեղի ունենալ իշխանափոխություն, թե՞ ոչ»:
Այսինքն Զարուհի Փոստանջյանի կարծիքով, եթե ԲՀԿ-ն մասնակցի պատգամավորի մատնանշած սցենարով, միայն այդ դեպքում կարելի կլինի ասել, որ ԲՀԿ-ն «վիրահատական» մեթոդով իր կապը կտրում է իշխանություններից ու փրկվում, հակառակ դեպքում ԲՀԿ-ն էլ կկործանվի:
