Բնակարանային գողությունը բացահայտվեց. կասկածյալները նոր մանրամասներ են պատմել
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1973 թ. ծնված Վահան Ֆ.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը տանը չեն եղել, իսկ հետո նկատել են, որ տան ոսկեղենն ու փողը չկան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 15.00-ից մինչեւ դեկտեմբերի 27-ի ժամը 1.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան անդամների բացակայությունից, պատուհանը հրել-բացելով Վահան Ֆ.-ի տան ննջասենյակի զգեստապահարանի զարդատուփի միջից գողացել են գումար եւ ոսկյա զարդեր:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցից բերման է ենթարկվել 27-ամյա Կորյուն Ս.-ն, իսկ ժամը 15.20-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից` 22-ամյա Համբարձում Ս.-ն եւ 21-ամյա Կարեն Մ.-ն:
Համբարձում Ս.-ն եւ Կարեն Մ.-ն խոստովանել են, որ բնակարանային գողությունը կատարել են իրենք, միաժամանակ` որ բացի նշված գողությունից նախկինում կատարել են եւս 7 բնակարանային գողություններ:
Համբարձում Ս.-ն եւ Կարեն Մ.-ն ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: