Բռնություն՝ Վարդենիսի քաղաքապետի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, մեկ անձի առաջադրվել է մեղադրանք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի քաղաքի բնակիչը, ունենալով տարբեր տեսակի ժամացույցների հավաքածու, 2015 թվականից պարբերաբար բանավոր դիմել է Վարդենիսի քաղաքապետին՝ խնդրելով Վարդենիս քաղաքում բացել ժամացույցի եւ քաղաքի պատմության թանգարան՝ հավակնելով դառնալ նորաստեղծ թանգարանի տնօրենը։ Քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել են քաղաքացու հավաքածուի ժամացույցները եւ պարզել, որ դրանք իրենցից հնություն չեն ներկայացնում, ինչի մասին բանավոր տեղեկացրել են նրան։ Վերջինս քաղաքապետին դիմել է մեկ այլ նախաձեռնությամբ՝ Վարդենիսում բացել ժամացույցի արհեստանոց։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին քաղաքացին գնացել է քաղաքապետարան եւ համայնքի ղեկավարի աշխատասենյակում վիճաբանել քաղաքապետի հետ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քաշքշել եւ մի քանի անգամ հարվածել նրան։ Քաղաքացին հեռացել է քաղաքապետարանից՝ այլ աշխատակիցների միջամտության արդյունքում։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: