Բյուջեն էլի ճեղքվածք է տալի՞ս
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողների հետ զրուցել է հաջորդ տարվա բյուջեի մասին: Լրագրողներից մեկը նախարարին ասել է, որ պատգամավորներից շատերրը խոսելով հաջորդ տարվա պետական բյուջեի մասին՝ ասել են, որ միևնույն է այդ բյուջեով աղքատությունը չի նվազի, պարզապես միայն անունն է սոցիալական: Ի պատասխան նախարարն ասել է, որ հաջորդ տարի սոցիալական ծախսերի մեծ ավելացում կա:
«Խոսքը գնում է և՛ կեսնաթոշակների, և՛ մինիմալ աշխատավարձի մասին և ընդհանուր առմամբ աշխատավարձերի մասին: Միայն կենսաթոշակների ավելացման արդյունքում շուրջ 32 000 թոշակառուներ կստանան ավելի բարձր թոշակ, քան մինիմալ աղքատության թիվն է: Եվ ոչ միայն դա, մինիմալ աշխատավարձի բարձրացման պարգայում, աղքատության նվազում նույնպես կարող է արձանագրվել, ինչպես արձանագրվել է անցյալ տարի, նախանցյալ տարի»,- ասել է նախարարը:
Իսկ այն հարցին, թե արդյոք եկող տարվա բյուջեն հայաստանցիների երազած բյուջե՞ն է, նախարարն ասել է, որ բնականաբար ոչ: Իսկ այն հարցին, թե երբ մենք կունենանք նման բյուջե, նախարարն ասել է.
«Կարծում եմ ցանկացած մարդ, երբ որ ինչ որ խնդիրների, կամ ինչ-որ ցանկությունների հասնում է, կամ գրեթե մոտենում է դրան, միշտ նոր խնդիրներ են առաջանում և դա շատ բնական է և այդպես էլ պետք է լինի, եթե մենք ուզում ենք գնանք առաջ»,- հավելել է Դավիթ Սարգսյանը:
Լիլիթ Թադեւոսյան
