Ծառուկյանի ելույթն ընդհանրական էր՝ չբացառելով իշխանության հետ բանակցությունները.
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ կայացավ ոչ իշխանական ուժերի կազմակերպած երկրորդ՝ նախորդից զգալիորեն մարդաշատ հանրահավաքը, որը, ինչպես կազմակերպիչներն էին նախապես հայտարարում, պետք է լիներ գործողությունների հանրահավաք: Գործողություններ՝ որպես այդպիսին, երեկ տեղի չունեցան, չհաշված հանրահավաքին հաջորդած երթը: Հանրահավաքի հիմնական ինտրիգը, ինչպեսև սպասվում էր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթն էր:
Նախորդ հանրահավաքին նա ասել էր, որ ժողովուրդն իրենից կլսի այն, ինչ սպասում է: Երեկ, սակայն, Գագիկ Ծառուկյանը շատ ընդհանրական ելույթ ունեցավ, առանց անունների քննադատեց իշխանություններին և երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, խոսեց քաղաքական մենաշնորհի ու դրա վերացման անհրաժեշտության մասին:
Ինչ վերաբերում է իշխանափոխության պահանջին, որը Ծառուկյանից ակնկալում էին լսել,ապա այն հնչեց ոչ այնքան ուղղակի, վերապահումով: Մասնավորապես, թվարկելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրները, Ծառուկյանն ասաց. «Մենք վերահաստատում ենք մեր պահանջները՝ ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները»: Եվ միայն դրանից հետո նա հայտարարեց. «Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել համաժողովրդական շարժման պահանջները՝ փողոցներում և հրապարակներում կանգնած հարյուր-հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ»: Բացի այդ, նա տեղեկացրեց, որ երեկվանից սկսած հանրապետության ողջ տարածքում ոչ իշխանական ուժերը սկսում են համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորում՝ ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելուհամար:
Այսպիսով, չնայած երեկվա հանրահավաքում այլ գործիչների ունեցած ելույթների կոշտ հռետորաբանությանը, կարելի է արձանագրել, որ ոչ իշխանական ուժերը դեռևս սպառված չեն համարում իշխանության հետ երկխոսությունը, կամ, ինչպես հանրահավաքին նախորդող օրերին էին հայտարարում՝ բանակցությունները»
