Ծառուկյանը վերջում աղոթելու չի գնա՝ ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի. Տիգրան Կարապետյան
1in.am-ը գրում է. Արտախորհրդարանական մի քանի կուսակցություններ, որոնք արդեն տևական ժամանակ է՝ քաղաքականության մեջ որևէ գործունեություն չեն ծավալում, պատրաստակամություն են հայտնել միանալու եռյակի «համաժողովրդական» շարժմանը:
Այդ կուսակցությունների շարքում է նախագահի մշտական թեկնածու Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնությունը»: Եվ թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Քոչարյանը եռյակի հետ որևէ կապ չունի, բայց որևէ առարկություն չեղավ իրենց շարքերն ընդգրկելու Ռոբերտ Քոչարյանին անսահման նվիրվածությամբ ու հավատարմությամբ փայլող Արամ Հարությունյանին:
Եռյակի դոմինանտ ուժ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս էլ հանդիպում ունեցավ «Առաքելություն» կուսակցության հետ: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, բայց ավագանիում ներկայացվածություն չկարողացավ ապահովել: Այս կուսակցությունը դեռևս եռյակին միանալու մասին որևէ հայտարարություն չի տարածել:
Վաղուց քաղաքական ասպարեզում գործունեություն չծավալած Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունն էլ է որոշել միանալ եռյակին: Կարապետյանը հոկտեմբերի 10-ի և 24-ի հանրահավաքներից այնպիսի տպավորություն է ստացել, որ եռյակն ի զորու է իշխանափոխություն իրականացնել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հայտնեց, որ ինքն արդարության կողմնակից է, և դրա համար իշխանափոխություն է ցանկանում. «Եթե ես որևէ մեկի հայացքները չեմ կիսում՝ չի նշանակում, որ ընդհանուր գաղափարին դեմ եմ»,- ասաց նա՝ ի պատասխան մեր հարցի, թե ինչո՞ւ այդ դեպքում 2008-ին չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ 2013-ին էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Տիգրան Կարապետյանն այս շարժման մեջ կարևորում է Գագիկ Ծառուկյանի գործոնը: Հարցին՝ միայն Ծառուկյանի կուսակցության համա՞ր է միանում, Կարապետյանը պատասխանեց. «Ոչ միայն, նաև՝ ընդհանուր գաղափարի, որ փոխվի իշխանությունը, լինեն արդար ընտրություններ ու արդար կյանք: Փաստորեն այստեղ կա մի գործոն, որն ավելի բարձր է, քան սեփական ամբիցիաները»:
Ինչ վերաբերում է 2013 թվականի նախագահական ընտրություններին և մեր այն հարցին, թե ինչո՞ւ չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարներին, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Որովհետև դուք էլ տեսաք՝ ինչի սա բերեց, Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է պայքարեր, ոչ թե գնար աղոթեր: Փաստորեն ես կողմնակից եմ պայքարին, ոչ թե նման բաների: Հիմա էլ միանալով՝ ես մտածում եմ, որ մարդկանց մեջ ավելի մեծ վստահություն կներշնչվի, շատերը կասկածում են, բայց կասկածելով ի՞նչ կլինի: Եթե բոլորս կասկածենք, շարժում չի լինի, պետք է սեփական ամբիցիաներից վեր կանգնենք»:
Հարցին՝ վստա՞հ է , որ Ծառուկյանն էլ վերջում էլ աղոթելու չի գնա, Կարապետյանը պատասխանեց. «Այո, վստահ եմ»:
