Ցեմենտի արտահանման ռեկորդային անկում
Հայաստանի տնտեսությունն ուսումնասիրելիս ցանկացած տեսակի և ճաշակի թվերի հետ շփվել ենք` անկում 10 տոկոսով, նույնիսկ` 40 տոկոսով, բայց այս մեկը լրիվ անիրական է թվում: Բայց նախքան այդ թվերը հրապարակելը հիշենք ոչ վաղ անցյալը, երբ ցեմենտի արտադրության հարցում գործերն իրականում շատ լավ էին:
Դատեք ինքներդ` 2010-ից մինչև 2013-ը ցեմենտի արտահանումն աճում էր երանելի թվերով, օրինակ` 2011-ին, 2010-ի համեմատ, 2.5 անգամ, 2012-ին` 40.000 տոննայով, իսկ 2013-ին` 50.000 տոննայով: Արտահանման ծավալների շարունակական աճը տրամաբանական էր, քանի որ տեղական շինարարությունը կաղում էր, և ցեմենտ արտադրող երկու խոշոր ընկերությունները՝ «Արարատ»-ն ու «Միկա»-ն, շեշտը հիմնականում դրել էին արտահանման վրա: Այդ իսկ պատճառով պատահական չէր, որ 2013-ին
Հայաստանում արտադրված ցեմենտի մոտավորապես 50 տոկոսը արտահանվում էր: Հիմա, երբ ուսումնասիրում ես ցեմենտի արտադրության և արտահանման ցուցանիշները, տպավորություն է, որ խոսքը, ասենք, բանանի աճեցման ոլորտի մասին լինի, որի հետ Հայաստանը ընդհանրապես կապ չունի ու, եթե կապ էլ ունենար, առավելագույնը տարեկան 5 կգ կարող էր աճեցնել:
Այժմ անդրադառնանք այս տարվա տխրահռչակ թվերին, որից հետո նաև կխոսենք հիմնական պատճառների մասին: Սկսենք արտահանումից: Վերեւում նշեցինք, որ 2013-ին Հայաստանից արտահանվել է 185.000 տոննա ցեմենտ, իսկ այժմ ուշադիր` այս տարվա առաջին 6 ամիսների արտահանման ցուցանիշը (մի' փորձեք կռահել, որովհետև դա ձեզ մոտ չի ստացվի)` 27.500 տոննա: Այսինքն` եթե հաշվենք, որ սա կես տարվա ցուցանիշն է, ապա տարեկանը մոտավորապես կկազմի, ասենք, 55.000 տոննա: Փաստորեն, ցեմենտի ոլորտը շատ է սիրում ռեկորդներ սահմանել:
