Ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով հետախուզվողը 18 տարի անց արտահանձնվել է Հայաստանին
Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվայից Երևան տեղափոխվեց Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ։ Նա 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողը թաքնվում է Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հետախուզվողը հայտնաբերվել ու ձերբակալվել էր։ Հայտնաբերումից մեկ տարի անց 48-ամյա տղամարդը արտահանձնվեց Հայաստան։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ևս մեկ անգամ հաստատեցին, որ չբացահայտվող հանցագործություններ ու չհայտնաբերվող հետախուզվողներ չկան․ ամեն ինչ ժամանակի և հետևողական աշխատանքի հարց է։