Ճանապարհային ոստիկանությունը կվերանա. Փոխոստիկանապետ
Հայաստանում ճանապարհային ոստիկանություն հասկացությունը կվերանա, կստեղծվեն քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ: Այս մասին այսօր խորհրդարանում «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
Նա ներկայացրեց իրականացվող ու սպասվող բարեփոխումները:
«Ներկայիս իրավիճակի պայմանների շտկման և բարելավման ուղղությամբ ենք աշխատում և, իհարկե, մեր հեռահար ծրագրերը կյանքի կոչելու համար: Առաջինը համայնքային ոստիկանության հիմնադրումն էր, այստեղ դեռ անելիքներ կան, բայց գաղափարը կա, սա այն ոստիկանությունն է, որ պետք է աշխատի հենց համայնքների հետ, միտված լինի համայնքներին և անմիջական կապի մեջ լինի տեղերում: Եթե շատ կոպիտ ասեմ` սա շերիֆական ինստիտուտի ներդրում է, բայց հայկական տարբերակով: Սա դեռ կայացման փուլում է, արդեն կայանում է, բայց ունենք անելիքներ»,- ասաց Եղիազարյանը:
Ըստ փոխոստիկանապետի՝ փոփոխություններ են արվում Անձնագրային եւ վիզաների վարչությունում:
«Նույն մեր բազմիցս քարկոծված ճանապարհային ոստիկանությունում, պետք է նկատած լինեք, թե ինչ ուրիշ ձևի ու մեթոդների աշխատանքային ստիլ է որդեգրվել: Ի դեպ, այստեղ էլ մենք մի շատ լուրջ մտահղացում ունենք, խոսքը գնում է պարեկային ծառայությանն անցնելուն: Այսինքն՝ ընդհանրապես ճանապարհային ոստիկանություն հասկացությունն ըստ երևույթին կվերանա, և կլինի պարեկային ծառայություն, որը կզբաղվի և ճանապարհային ոստիկանության աշխատանքով, և հասարակական կարգի ապահովմամբ»,- հավելեց նա:
Իսկ ավելի գլոբալ, ըստ փոխոստիկանապետի, ներկայում ուսումնասիրվում է միջազգային փորձը, աշխատանք է տարվելու քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ոստիկանության բլոկներ ստեղծելու ուղղությամբ:
http://www.lragir.am/index/arm/0/country/view/144223

