Չարլի Չապլինի Սուրբ Ծննդյան նամակն իր դստերը
Դստրի՛կս, հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին՝ մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Որքա՜ն հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը, թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է՝ իմ սեղանին, այստեղ' սրտիս մեջ: Այդտեղ' հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է՝ գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են, ինչպես աստղերը՝ ձմեռային գիշերում:
Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես պարսկական գեղեցկուհու դերը, որը գերված է թաթարական խանից: Գեղեցկուհի եղի՛ր և պարի՛ր, աստղ եղի՛ր և փայլի՛ր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվի՛ր մի անկյուն և կարդա՛ իմ նամակը, ունկնդիր եղի՛ր հորդ ձայնին:
Ես քո հայրն եմ, Ջերալդի՛նա:
Ես' Չարլին, Չարլի Չապլինը:
Գիտե՞ս, թե քանի՜ գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդի՛նա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի՝ ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը' Չարլի»:
Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացի՛ր այնտեղ, աղջի՛կս, բայց և վերադարձի՛ր երկիր: Դու պետք է տեսնես՝ ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են՝ ցրտից և սովից դողալով:
Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդի՛նա: Այն գիշերներն, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր՝ օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի՛, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում, Ջերալդի՛նա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը' իմ հեքիաթը, չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ' քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…
Ահա այն՝ իմ հեքիաթը: Ես գիտեմ՝ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին' ես ճաշակել եմ ստորացնող մորմոքն այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկվում է հպարտության մի ամբողջ օվկիանոս և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները… և, չնայած այդ ամենին, ես ապրում եմ, իսկ ապրողների մասին սովորաբար քիչ է խոսվում:
Չարլի Չապլինի սուրբծննդյան նամակն իր դստերըԱվելի լավ է' խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդի՛նա, հետևում է իմը' Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդի՛նա, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն… Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրո՛ւ նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դի՛ր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Իսկ ինչ մնում է մյուսներին, դու նրանց վճարի՛ր ճիշտ հաշվով:
Ժամանակ առ ժամանակ օգտվի՛ր մետրոյից կամ շրջի՛ր ավտոբուսով և շատ ավելի հաճախ՝ քայլի՛ր ոտքով, դիտի՛ր քաղաքը: Զննի՛ր մարդկանց, նայի՛ր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա՛ ինքդ քեզ' «Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են»: Այո՛, դու հենց այդպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրի՜կս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստի՛ր առաջին իսկ պատահած տաքսին և գնա՛ Փարիզի արվարձանները:
Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայի՛ր, ուշադի՛ր նայիր: Չի՞ թվում քեզ արդյոք, որ նրանք քեզանից ավելի լավ են պարում: Խոստովանի՛ր, խոստովանի՛ր, աղջի՛կս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզանից լավ կպարի և քեզանից լավ կխաղա: Եվ հիշի՛ր, Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին: Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանաս՝ ինչ բան է աղքատությունը:
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական կտրոն, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ, այն պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտե՞ս՝ ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջի՛կս, ասեմ մի ճշմարտություն. մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները' երերուն լարի վրա: Գուցե, կարող է պատահել, այս երեկո քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը. հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը, և քո անկումն անխուսափելի կլինի: Կարող է պատահել՝ մի գեղեցիկ օր գերվես ինչ-որ արքայազնի գեղեցկությամբ. այդ պահին դու կդառնաս մի անփորձ լարախաղաց, իսկ անփորձները միշտ ընկնում են: Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով. իմացի՛ր, որ ամենամեծ ադամանդն արևն է: Բարեբախտաբար՝ նա լուսավորում է բոլորին:
Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկնումեկին, ապա նվիրվի՛ր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի, քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին…
Չարլի Չապլինի սուրբծննդյան նամակն իր դստերըՔո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով… բայց… ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է, ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: Սարսափելի ոչինչ չկա, եթե քո համոզմունքներն այս հարցում տասնյակ տարիների վաղեմություն ունենան, եթե այն պատկանի անցած ժամանակին: Մ՛ի վախեցիր, այդ տասնյակ տարիները չեն ծերացնի քեզ…
Քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ՝ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:
Չարլին արդեն ծերացել է, Ջերալդի՛նա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքսիդ փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայի՛ր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում, ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ՝ Չարլիին:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ' ձգտել եմ լինել մարդ:
Փորձի՛ր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի: