Չի բացառվում, որ նախագահը չի վերահսկում իրավիճակը
Եվրոասոցացումից հրաժարվելու՝ Ուկրաինայի կառավարության որոշումն իսկական քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ։ Մինչ նախագահ Յանուկովիչը Վիլնյուսում արդարանում էր՝ իր իշխանության նահանջը բացատրելով Մոսկվայից եկած ճնշումներով՝ անցած գիշեր ուժով ցրվել է եվրաինտեգրացիայի կողմնակիցների հանրահավաքը. կան վիրավորներ, մի քանի տասնյակ ձերբակալվածներ, Արևմուտքը դատապարտող հայտարարություններ է ընդունում, հրաժարական է տալիս նախագահի աշխահակազմի ղեկավարը, ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ։ Տեղի ունեցածը կարող է երկու բացատրություն ունենալ։ Գուցե Յանուկովիչը վերջնականապես հրաժարվել է ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտադրությունից կամ՝ իրական է համարում իշխանափոխության վտանգն ու որոշել է որդեգրել ռուսական քաղաքական ավտորիտար «մշակույթը»։ Չի բացառվում նաև, որ նախագահը չի վերահսկում իրավիճակը և նրան փաստի առաջ են կանգնեցնում իշխանության այն ուժերը, որոնք խնդիր ունեն՝ ճգնաժամ հասունացնել Արևմուտքի հետ հարաբերություններում ու անխուսափելի դարձնել Ուկրաինայի ինտեգրոկմը ռուսական պրոյեկտներին։ Երկու դեպքում էլ՝ Ուկրաինայում հասունանում է քաղաքական լուրջ ճգնաժամ, որի հանգուցալուծումը պահանջելու է ոչ ստանդարտ լուծումներ։
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից
