Չինուհուն բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող արարատցին դատապարտվեց 3 տարի 3 ամսվա ազատազրկման
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում 2017թ.-ի հոկտեմբերի 1-ին չինուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով դատավճիռ է կայացվել:
NEWS.am-ի տեղեկություններով, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ Խաչիկ Տերտերյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 3 տարի 3 ամսվա ազատազրկման: Նշենք, որ մեղադրող Հարություն Սարգսյանը 3 տարի 6 ամսվա ազատազրկում էր պահանջել:
Ամբաստանյալ Խաչիկ Տերտերյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ հոկտեմբերի 1-ին ժամը 16.00-ի սահմաններում Խաչիկն իր ավտոմեքենայով նկատել է Խոր Վիրապՙի մոտ նկատել է մինչ այդ իրեն անծանոթ չինուհուն: Ավտոմեքենան կանգնեցնելով նրա մոտ` Խաչիկը, ձեռքերի շարժումներով և ժեստերով հաղորդակցվելով՝ հասկացել է, որ չինուհին ցանկանում է գնալ Երևան, որից հետո առաջարկել է նրան նստել իր ավտոմեքենան: Կնոջ նստելուց հետո Խաչիկը մեքենան քշել է դեպի Ուրցաձոր, որտեղ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ, սակայն վերջինս դիմադրել է եւ թույլ չի տվել: Այնուհետեւ Խաչիկը սկսել է ծեծել չինուհուն, միաժամանակ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ:
Նախկինում դատապարտված, դատվածությունը չմարված Խաչիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է: