Չկա փող` չկա նաև սպառում
2016 թվականի առաջին եռամսյակում ապրանքաշրջանառության ծավալներն ավելի քան 4 տոկոս նվազել են: Այս մասին երեկ հայտնել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը:
Նա հայտարարել է նաև, որ քաղաքացիները նախընտրում են քիչ ծախսել և շատ խնայել:
Մեկնաբանելով երկրի գլխավոր գանձապահի հայտարարությունը` Fnews.am-ի հետ զրույցում իշխող կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, թեև փորձում էր չհակասել Ատոմ Ջանջուղազյանի տեսակետին` նշելով, որ այո’ մարդիկ խնայողաբար են օգտագործում իրենց ունեցած գումարը, այնուամենայնիվ նկատեց նաև, որ բնակչությունը ինքնանպատակ խնայողություններ չի անում:
Ըստ նրա` բնակչությունը խնայողություններ անում է, բայց ոչ թե նրա համար, որ խնայում է, այլ փող չունի ծախսելու: Չկա փող` չկա նաև սպառում:
«Սոցիալական վիճակն է ստիպում քիչ սպառել: Դե խոսքը վերաբերում է 2015թ-ի բյուջեյի հաշվետվությանը և 2016-ի առաջին եռամսյակին: Բնական է սպառումները քիչ են, որովհետև ժողովրդի մոտ կա փողի զանգվածի պակաս»,-ընդգծեց հանրապետական խմբակցության պատգամավորը` հավելելով, որ դրսից ակնկալվող տրանսվերտները էապես պակասել են:
Հարցին, թե 1000 խմ դիմաց 10 դրամով գազի գնի նվազումը շարքային սպառողի համար կարո՞ղ է արդյոք համարվել շոշափելի խնայողություն, պատգամավորը պատասխանեց.
«Դե ամռան ամիսներին բնակչությունը քիչ է գազ սպառում ու չի զգա: Բայց հանձնաժողովը դա հիմնավոր հաշվարկների վրա է անում: Ու բնակչության համար շոշափելի կլինի, երբ ձմռանը գազի սպառումն ավելանա»:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Հայաստանի բնակչության համար գազի գինը կկազմի 156-ի փոխարեն 146 դրամ՝ 1000 խմ դիմաց:
