Չնայած անբարենպաստ եղանակին՝ 18 օր է փրկարարները որոնում են 25-ամյա Ամուր Կյուրեղյանին
18 օր է՝ Սեւանա լճում շարունակվում են հոկտեմբերի 31-ից անհետ կորած երկու երիտասարդ ձկնորսներից մեկի՝ 25-ամյա Ամուր Կյուրեղյանի որոնման աշխատանքները:
Այսօր առավոտյան դարձյալ որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով աշխատանքներ չեն իրականացվել:
Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոչ մի նոր տեղեկություն հայտնի չէ, փրկարարները աշխատում են.
«Պիտի որոնեն, մինչեւ գտնեն: Ամբողջ գյուղն է խնդրում, որ չդադարեցնեն, բացի այդ իրենք էլ են այդպես աշխատում: Լինում է, որ այսքան երկար փնտրում են, մանավանդ որ եղանակը բարենպաստ չի»,- ասաց գյուղապետը:
Նա նշեց, որ անհետացած երիտասարդի հարազատները շատ վատ վիճակում են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին փրկարարները ափից 13 կիլոմետր հեռավորության վրա, մոտ 25 մետր խորության տակ հայտնաբերել էին Ամուրի ընկերոջ՝ 24-ամյա Արեւշատ Առաքելյանի դին:
Ավելի վաղ Սեւանա լճից հայտնաբերվել էր նաեւ մոտորանավակը, որով նրանք հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան դուրս էին եկել ձկնորսության ու անհետացել:
