Չորս տարիների ընթացքում առաջին անգամ կրթության ոլորտի ծախսերն աճել են
Վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ կրթության ոլորտի ծախսերն աճելու են 2.59 տոկոս ՀՆԱ-ի համեմատ՝ այսօրվա 2.38-ի փոխարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ հավելեց, որ հիմնական պատճառն ուսուցիչների, ինչպես նաեւ մասնագիտական կրթության հաստատություններում աշխատող անձանց աշխատավարձերի բարձրացումն է, էլեկտրաէներգիայի, գազի սակագների բարձրացումը, բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող հավելյալ գումարներն են: Բացի այդ 2014-ին մեկնարկելու են «Կայուն դպրոցական սնունդ»ծրագիրը, որը նախատեսում է Վայոց ձորի մարզի դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար միանվագ սննդի մատակարարում: Երկրորդ սոցիալական ծրագիրը, «Փարոսի» համակարգում ընդգրկված ընտանիքների ուսանողների համար հատկացվելիք լրացուցիչ գումարներն են:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ 2014-ի սեպտեմբերի 1-ից հնարավոր է անցնեն տասներկուամյա պարտադիր կրթության, այդ թվում՝ մասնագիտական:
