Comment.Փողերը փողատերերի մոտ ա.գեներալն ուղղակիորեն ասաց այն, ինչ վարչապետն անում է անուղղակիորեն
Comment
Գեներալ Սեդրակ Սարոյանը պարզ եւ անկեղծ մարդ է, պարզապես մեկ-մեկ այնքան է անկեղծանում, որ անկեղծորեն մատնում է իր մեծահարուստ թիմակիցներին: Օրինակ, օրերս լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե «Փող կա, խոմ քո համար չի՞, փողերը փողատերերի մոտ ա...», այնուհետև՝ «Գոնե մի քանի հոգի լավ զգան իրանց, ի՞նչ, հո սաղ ազգը որ վատ զգացին, լավ կլնի՞»:
Այսպիսի անկեղծությունն, անշուշտ գնահատելի է, և լավ կլիներ, որ բոլորը այսպես լինեին, համենայն դեպս գոնե ժողովրդին խաբելու կարիք չէր լինի, ստիպված չէին լինի Դիանա Գրիգորյանի սցենարներից էլ ավելի անհավանական հեքիաթներ հորինել, թե իբրև օր ու գիշեր մտածում են ժողովրդի մասին, փորձում են բարելավել վիճակը: Այ, մարդը պարզ ասեց՝ մտածում են մի խումբ փողատերերի մասին, որ գոնե մի քանի օլիգարխներ, մեծահարուստներ լավ ապրեն, որովհետև մնացածը, միևնույն է, վատ են ապրում:
Գենարալ Սարոյանն ընդամենը ուղղակիորեն ասեց այն, ինչ այսքան ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անում է անուղղակիորեն՝ երկրում ստեղծելով բոլոր պայմանները օլիգարխների բարգավաճման համար, իսկ երկրի տնտեսությունը իր ալեֆրանգի ղեկավարման արդյունքում գահավիժեցնելով դեպի անդունդ:
Արտյոմ Եդիգարյան