Covid-19-ի նոր շտամով պայմանավորված` մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի
Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի:
Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամեր, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ:
«Վերջին ենթատեսակը, որի տարածումը սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, տվյալ վիրուսը 50 մուտացիա է կրում»,-ասաց Ավանեսյանը:
Այն այժմ մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ հասկանալու, թե բացի տարածման ակտիվությունից, նոր գրանցված շտամն այլ ինչ առանձնահատկություններ ունի: ՀՀ առողջապահության նախարարությունը, հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին, նախատեսում է որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար:
«Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք ենք Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բոտսվանայի Հանրապետությունը, Լեսոտոյի Թագավորությունը, Նամիբիայի Հանրապետությունը, Զիմբաբվեի Հանրապետությունը, Մոզամբիկի Հանրապետությունը, Մադագասկարը և Տանզանիան, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակել»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ բացի սրանից կլինեն որոշակի այլ սահմանափակումներ ևս:
Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի օրական գրանցվող դրական դեպքերի նվազում: Ալիքի նվազման ժամանակ մահերի դեպքերի նվազումը սովորաբար տեղի է ունենում 2-3 շաբաթ անց: Նախարարության գնահատականներով՝ առաջիկայում կլինի նաև գրանցվող մահվան դեպքերի նվազում: