«Դա պատասխանատվությունն է». Զեյնալյանի կուսակցությունը ստանձնել է «պաշտոն ունենալու պատասխանատվությունը»
«Հանրապետություն» կուսակցության հետ ստորագրված այս հուշագիրը նշանակում է, որ Երևան քաղաքի կառավարումը ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները իրականացնելու են միասին, ինչը նշանակում է, որ գործադիրում նշանակումները ևս իրականացվելու են միասին և փոխհամաձայնեցված: Կառավարումն իրականացնելու են այս երկու խմբակցությունները միասին:
Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցությանը բաժին է հասնելու փոխքաղաքապետի պաշտոնը, Ավինյանն ասաց, թե բոլոր մանրամասները ամեն նիստի հետ հայտնի կդառնան:
«Մեր ներքին քննարկումների արդյունքում կներկայացնենք բոլոր պաշտոնյաներին, որոնք պետք է ստանձնեն պատասխանատվություն գործադիրում»,-ասաց Ավինյանը:
Իր հերթին Երեւանի ավագանիում «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն ասաց, որ հուշագիրը ստորագրելիս առաջնորդվել են Երևանի, Հայաստանի շահով, Սահմանադրությամբ, ժողովրդական, իրավական պետության հիմնարար սկզբունքներով։
«Գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ, ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում:
«Եվս մեկ անգամ կրկնեմ, դա շնորհ, պարգև չէ՝ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։