Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է 3 երիտասարդ տղաների դի
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժի պետի օպերգծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ: Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ՝ բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ, իսկ նույն քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը մեկնեց հիվանդանոց, քանի որ մահացածերից մեկի դին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն: Նշված ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Passat մակնիշի 71 RT 071 համարանիշի ավտոմեքենա:
Մահացածերից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկն էլ՝ հատակին:
3-ն էլ երիտասարդ տղաներ են: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազի հետևանքով, քան որ ավտոտնակում ուժեղ հոտ էր տարածվել, հավանաբար, մեքենան շարժի դնելու ժամանակ:
Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներից 2-ը եղբայրներ են, իսկ մեկն էլ աշխատում էր փրկարար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
