ԴԱՀԿ պետի հրաժարականի համար եղել են հիմնավոր պատճառներ. Վահրամ Բաղդասարյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Միհրան Պողոսյանն իր որոշումը դիմումի մեջ հիմնավորել է հետևյալ կերպ. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»:
Ըստ մամուլի հրապարակումների՝ ապրիլի 16-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն անձամբ է ասել, որ Միհրան Պողոսյանը պետք է հրաժարական տա: Այդ օրը, հիշեցնենք, հանրապետականները մոտ երկու ժամ տևած գաղտնի նիստից հետո հրաժարվել են նիստից մանրամասներ ներկայացնել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝ նիստում ԴԱՀԿ պետի հրաժարականի մասին չի խոսվել:
«Ինֆորմացիաներ կան, որոնց ես չեմ տիրապետում, բայց եթե հրաժարական է եղել, ուրեմն եղել են հիմնավոր պատճառներ»,- Հանրապետական Վահրամ Բաղդասարյանը:
