Դատարանում ինձ ասում են՝ բատարեն վառված ա. «Տաք ջրերում» մահացած երիտասարդի հայրը վրդովված է . news.am
Արցախի Քաշաթաղի շրջանի «Տաք ջրեր» կոչվող տարածքում 2016թ.-ի մայիսի 21-ին մահացած 3 երիտասարդներիցԱրտյոմ Բլբուլյանի ընտանիքի համար մինչեւ այսօր պարզ չէ, թե իրենց տղան ինչպես է անծանոթների հետ հայտնվել դեպքի վայրում:
NEWS.am-ի հետ զրույցում մահացած երիտասարդի հայրը՝ Մերսիկ Բլբուլյանը, պատմեց, որ որդին Քաշաթաղում հովիվ էր, երբ դեպքը տեղի է ունեցել:
«Տղաս մահացածներից ոչ մեկին չի ճանաչել, միայն ողջ մնացած տղաներից մեկին է ճանաչել: Դեպքի օրը նրան զանգել, կանչել են այնտեղ, բայց թե ով է կանչել, ինչի համար, հայտնի չի: Էն մեկը, որին տղաս ճանաչել է, ինձ պատմել է, թե տղաս իրեն փրկել է, բայց ո՞նց է ստացվում, որ տղաս իրեն փրկում է, բայց ինքն է մահանում: Մենք համոզված ենք, որ տեղի ունեցածը սպանություն է»,- ասաց Մերսիկ Բլբուլյանը:
Նրա խոսքով, իրավապահներն ամեն կերպ թաքցնում են իրականությունը: Նշենք, որ հարուցված քրեական գործի կարճումը Բլբուլյանները վիճարկել են Արցախի Հանրապետության Վերաքննիչ դատարանում. «Դատարանը մեր բողոքը մերժել է, ասում է՝ ժամկետներն անցել են, բայց քննիչը դիտավորյալ էնքան է ուշացրել թղթերի փոխանցումը մեզ, որ մենք չկարողանանք վիճարկել դրանք: Դատարանում էլ կանգնում, ինձ ասում են՝ բատարեն վառվել ա, բա դա միակ մինուճարին կորցրած ծնողին ասելու բա՞ն ա»:
Հիշեցնենք, որ իրավապահները վստահեցնում են, որ կատարվածը դժբախտ պատահար է եւ երիտասարդները խեղդվել են լճից դուրս եկող գազից, մինչդեռ մահացած երիտասարդներից Կարեն Ալավերդյանի ու Արտյոմ Բլբուլյանի ընտանիքները պնդում են՝ սպանություն է եւ դրա մասին վկայում են փորձաքննությունների պատասխանները: Ըստ հարազատների՝ փորձաքննությունների եզրակացությունների համաձայն, ջուրը մաքուր է եղել, տղաների օրգանիզմում թույն չի հայտնաբերվել, տղաները ծեծի են ենթարկվել կոշտ ու բութ գործիքներով, մահը վրա է հասել պայքարելու ընթացքում եւ վնասվածքները ստացվել են կենդանության օրոք: