Դատախազության «շուստրիությունը» չանցավ. քաղաքացին հաղթել է դատարանում
Գայանե Թումասյանի օգտին կայացրած Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ, և ՀՀ դատախազությունը ստիպված է եղել որոշում ընդունել քաղաքացու ներկայացրած հաղորդման վերաբերյալ:
Վաշխառության զոհ դարձած Գայանե Թումասյանը 2015թ. հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պնդելով, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը խարդախության միջոցով տիրացել է իր անշարժ գույքին՝ թողնելով իրեն փողոցում:
Դատախազությունը չէր կատարել օրենքի պահանջը՝ որոշում չէր ընդունել հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ: Այնինչ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը.
1) քրեական գործ հարուցելու մասին,
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին,
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
Հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վահե Դոլմազյանը որոշում ընդունելու փոխարեն՝ բողոքը ստանալուց 65 օր անց որոշել է քաղաքացուն նամակ ուղարկել՝ տեղեկացնելով, որ իր ներկայացրած հաղորդումը ենթադրաբար կատարված հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկություն չի պարունակում:
Գայանե Թումասյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության անգործության: Դատարանը բավարարել էր քաղաքացու բողոքը և որոշում էր կայացրել դատախազությանը պարտավորեցնել ստացված հաղորդման վերաբերյալ ընդունել օրենքով նախատեսված որոշումներից մեկը:
Դատախազությունը չէր հաշտվել պարտության հետ և բողոքարկել էր Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր դատախազության բողոքը: Այսպիսով, Գայանե Թումասյանի օգտին կայացրած որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Դատախազությունը ստիպված է եղել Գայանե Թումասյանի ներկայացրած հաղորդումը ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում ընդունել և այն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քաղաքացու՝ դեռևս անցած տարի ներկայացրած հաղորդման վերաբերյալ այժմ նյութեր են նախապատրաստվում:
