Դատախազությունը ՔՊ-ական պատգամավորին հարցաքննության հրավիրելու մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը օրերս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում:
Արդյո՞ք վերը նշված հայտարարությունից հետո իշխանական պատգամավորը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազություն հայտարարած առերեւույթ հանցագործության մասին մանրամասներ ներկայացնելու համար գրավոր դիմել էինք ՀՀ Գլխավոր դատախազին, ում մեզ հասցեագրած գրավոր պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.
-ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր գրության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173֊ րդ հոդվածի համաձայն' համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում ի այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն' հանցանքի մասին հաղորդումը չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի և այն պետք է բովանդակի տվյալներ կոնկերտ հանցագործության մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1֊ին մասի համաձայն' վկան ցուցմունք տալու նպատակով կողմի կամ վարույթն իրականացնող մարմնի նախաձեռնությամբ կանչված այն անձն է, որին կարող է հայտնի լինել վարույթով պարզաբանման ենթակա որևէ հանգամանք:
Նույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց:
Նման պայմաններում ՀՀ Աժ պատգամավոր էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը չի կարող համարվել առերևույթ հանցանքի մասին պատշաճ
հաղորդում, իսկ ընդհանուր բնույթի և գնահատողական դատողությունները հիմքեր չեն տալիս ենթադրելու, որ վերջինիս հարցաքննությամբ կարող է ձեռք բերվել որևէ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց:
Դատախազությունը պատշաճ կերպով իրականացնում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունները, այդ թվում' թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներով:
Հարկ է նաև նշել, որ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, քրեական հետապնդման հարուցման, հանրային մեղադրանքի պաշտպանության գործառույթներից զատ ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում են նաև նշված բնույթի հանցագործությունների պատճառների և դրանց կատարմանը նպաստող հանգամանքների վեր հանումը և դրանց վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկումը: