Դավիթ Տոնոյանը չի բացառում հայ-ռուսական միջպետական պայմանագրի որոշ դրույթների վերանայումը
Չի բացառվում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը. այս մասին այսօր Փանիկում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Դրանք քարի վրա գրված փաստաթղթեր չեն, և ժամանակի ընթացքում առաջանում են բավականին խնդիրներ, որոնք պահանջում են պայմանագրային իրավական փոփոխություններ: Իհարկե դա արվելու է»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ օրերս Փանիկում տեղի ունեցած միջադեպը կարող է խթան հանդիսանալ որոշ փոփոխությունների կատարմանը:
Բացի դրանից, նախարարը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը:

«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- հավելել է Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն այսօր Փանիկում փակ հանդիպում է անցկացրել ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարի հետ և հանդիպումից հետո Փանիկի դեպքերի մասին հայտարարել, որ Փանիկ գյուղում հուլիսի 17֊ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված իրենց մեղքի բաժինն ունեն թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմը:
