«Դե սա՛տկի, հա՛մբալ…». վարպետ Սուրիկը շեֆի ավտոտնակում ռեզակով կտրել է գործընկերոջ վիզը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Սուրիկ Հարեյանի գործի դատական քննությունը:
Սուրիկ Հարեյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 24-ին գործատուի տանը վերանորոգման աշխատանքներ կատարելուց հետո, գտնվելով գործատուի ավտոտնակում, Սուրիկ Հարեյանը «սպանելու դիտավորությամբ աշխատանքային դանակով՝ «ռեզակով» հարվածել է գործընկերոջ՝ Ռաֆֆի Հարությունյանի կենսական կարևոր նշանակություն ունեցող՝ պարանոցի ձախ հատվածին, նրան թողել է անօգնական վիճակում ու հեռացել է»:
Ամբաստանյալ Սուրիկ Հարեյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Նա չի ընդունում, որ Ռաֆֆիին սպանելու դիտավորությամբ է հարվածել, բայց ընդունում է, որ ինքն է նրա առողջությանը ծանր վնաս հասցրել:
Դատարանը հարցաքննում է գործով վկաներին:
Հարցաքննվեց ամբաստանյալի և տուժողի գործատու երիտասարդը: Սուրիկ Հարեյանն ու Ռաֆֆի Հարությունյանը վկա Սարգսյանի՝ Կոմիտասի պողոտայում գտնվող տան դրսի պատը ջերմամեկուսացնելու աշխատանք են կատարել: Վկան հայտնեց, որ ինքը պայմանավորվել է աշխատանքի համար վճարել 125 հազար դրամ: 100 հազար դրամը տվել է Սուրիկ Հարեյանին, մնում էր, որ աշխատանքն ավարտելուց հետո վճարեր 25 հազար դրամը:
Վկան նշեց, որ ինքը տեղյակ չէ՝ ամբաստանյալի և տուժողի միջև գումարային տարաձայնություններ եղե՞լ են, թե՞ ոչ: Ինքը պայմանավորվել էր Սուրիկի հետ: Ռաֆֆիին Սուրիկն է բերել իր հետ աշխատելու: Վկան պայմանավորված գումարը տվել է Սուրիկին՝ չհետաքրքրվելով՝ այդ գումարից ում ինչքան է հասնելու:
Վկան Սուրիկին ճանաչել է իր տանը գործ անելու հետ կապված՝ մոտ տասն օր: Սուրիկի հետ պայմանավորվել է՝ աներոջ խորհրդով:
Տանը աշխատող վարպետներին գործատուն խմած չի տեսել, գործատուի տատիկը, որ կերակրում էր արհեստավորներին, նրանց խմիչք չի տվել:
Դեպքի օրը վկան տուն է գնացել, տատիկն ասել է, թե արհեստավորները ավտոտնակում է: Վկան գնացել է, որ նրանց կանչի՝ հաց ուտելու: Գնացել ու տեսել է, որ Ռաֆֆիի պարանոցը վնասված է, նա ուժեղ արյունահոսում է: Ռաֆֆին հագի շորը դրել էր վերքի վրա, բայց արյունը չէր կտրվում:
Վկան գնացել է տուն, տատիկից սրբիչ է ուզել, բերել ու կապել է Ռաֆֆիի վերքը: Առաջարկել է շտապօգնություն հրավիրել, բայց Ռաֆֆին հրաժարվել է, ասել է, որ ուզում է գնալ տուն: Վկան Ռաֆֆիին տաքսի է նստեցրել ու ճանապարհել:
Դատարանի հարցին ի պատասխան՝ վկան ենթադրեց, որ երկու արհեստավորների վեճը, իր կարծիքով՝ կարող էր գումարի համար լինել. «Ուրիշ ի՞նչ պատճառ…»:
Վկա Մարիամը ճանաչում էր և՛ տուժողին, և՛ ամբաստանյալին. «Մալաթիայից եմ ճանաչում»,- ասաց նա:
Տուժող Ռաֆֆին, ըստ վկայի, Մալաթիայում փոքրիկ կրպակ է աշխատեցնում: Կրպակում աշխատում է Ռաֆֆիի կինը: Վաճառում են սուրճ, «ջրեղեն»:
Ամբաստանյալ Սուրիկը Մալաթիայի այդ տաղավարներում լինում է, տուժողը այդպես է նրան ճանաչում:
Դեպքի օրը տուժողի կրպակում աշխատել է վկան՝ տուժողի կինը հիվանդ է եղել, խնդրել է, որ մի քանի օր Մարիամն աշխատի կրպակում:
մանրամասները՝1-in.am-ում:
