Դեռ չի կազմի․ՀՀԿ-ն չի շտապում թարմացնել իր գործընկերային հարաբերությունները ՀՅԴ-ի հետ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․
«Հանրապետական կուսակցությունը չի շտապում խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Դաշնակցության հետ թարմացնել իր գործընկերային հարաբերությունները: Իշխանությունները դա կանեն կառավարության կազմավորման փուլում:
Բանն այն է, որ այս ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստանալու է մոտ 55 տոկոս եւ նույնքան էլ մանդատ: Քվեարկության արդյունքում արդեն իսկ ստացել է 49 տոկոս, իսկ ձայների բաշխման վերջնական փուլում դրան կավելացվի նաեւ խորհրդարան չանցած ուժերի ստացած 9 տոկոսի կեսը: Այդպիսով, ՀՀԿ-ն առանց որեւէ ուժի էլ կառավարություն կարող է կազմել, պարզապես արդեն մանդատները վերցնելուց հետո եւ նոր կառավարության ձեւավորման փուլում կանդրադառնա ՀՅԴ-ի հետ համագործակցությանը:
«Ես տրամաբանական եմ համարում, որ այդ հարցին անդրադառնանք կառավարության ձեւավորման ժամանակ: Հաշվի առնելով ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցության հուշագրի երկարաժամկետ լինելը, կշարունակենք մեր համագործակցությունը նաեւ կոալիցիոն ձեւաչափով, անկախ այն հանգամանքից, որ մենք միայնակ էլ կարող ենք կառավարություն ձեւավորել»,- մեկնաբանելով հարցը՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
