Դերասանուհի Լիա Զախարյանը եկամտի նոր աղբյուր է գտել :)
BlogNews.am-ին հայտնի է դարձել, որ «Խաղ իմ կանոններով», «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմերից, մի շարք հեռուստասերիալներից հայտնի դարձած դերասանուհի Լիա Զախարյանն աշխատանքի է անցել «21TV» հեռուստաընկերությունում՝ որպես մարկետոլոգ։ Մեզ հետ զրույցում Լիան հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սա իր համար նոր և շատ պատասխանատու կարգավիճակ է։
«Աշխատանքը դժվար ու պատասխանատու է այնքանով, որ քո կատարած աշխատանքից, կայացրած որոշումներից են կախված ներկա և ապագա հաղորդումների ռեթինգային ճակատագրերը»,- ասաց նա ու հավելեց, որ ցանկանում էր ամռանն անպայման աշխատանքի անցնել։
«Ես մասնագիտությամբ դիվանագետ եմ, ուզում էի այնպիսի աշխատանքի անցնել, որը քիչ թե շատ մոտ կլիներ մասնագիտությանս և էկրաններին երևալու հետ կապ չէր ունենա։ Կարծում եմ՝ դիվանագետի մասնագիտությունը մոտ է մարկետոլոգի մասնագիտությանը, քանի որ քո դիվանագիտական հմտություններով ես կարողանում բանակցել մարդկանց հետ»,- նշեց դերասանուհին։
Լիայից տեղեկացանք, որ մինչև աշնան կես նոր նախագծերում չի երևալու։ Նա ցանկանում է նոր կերպարով և արտաքինով ներկայանալ։ «Կարծում եմ՝ լռությունն օգտակար կլինի, որպեսզի մարդիկ չհոգնեն։ Մի քիչ կմոռացվեմ, որպեսզի մարդիկ ինձ կարոտեն ու սպասված լինեմ էկրաններին։ Այս ընթացքում նաև ավելի կմասնագիռտանամ դերասանության մեջ, քանի որ հիմա սովորում եմ Թատերական ինստիտուտում»,- նշեց Լիան։
Ինչ վերաբերում է որպես հաղորդավարուհի ներկայանալու հավանականությանը՝ Լիան ասաց, ունեցել է նման առաջարկ, սակայն չի ցանկանում ներկայանալ որպես հաղորդաարուհի։ «Ես սիրում եմ դերասանի իմ մասնագիտությունը։ Ինձ համար կարևորը ոչ թե եթերում երևալն է, այլ իմ մասնագիտությամբ ներկայանալը»,- եզրափակեց նա։