Դոլարը 500 դրամից ավել են վաճառում
Shabat.am-ի թղթակիցը պարզեց, որ որոշ տարադրամի փոխանակման կետերում դոլարը վաճառվում է 500 դրամով: Բացի այդ, 1000 ԱՄՆ դոլար գնելու դեպքում 500 դրամը վերածվում է 505-ի՝ մեկ դոլարի համար: Դա իրականացվում է կրիմինալ ֆիլմերի էպիզոդներ հիշեցնող կերպով. Երբ որևէ մեկը ցանկանում է դոլար գնել, նրան սկզբնական գին են ներկայացնում՝ ԿԲ-ի կողմից հայտարարված 470 դրամ արժեքը, իսկ երբ տեսնում են, որ հաճախորդը պատրաստ է գործարք կնքել, առաջարկում են 500 դրամ 1 դոլարի դիմաց: Եվ դա այն պարագայում, որ ցուցատախտակներում ներկայացված է 480-485 դրամ մեկ դոլարի դիմաց:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ միայն շաբաթ-կիրակի օրերին է, որ որոշ տարադրամի փոխանակման կետեր վերածվում են վամպիրների՝ դուրս գալով ԿԲ-ի վերահսկողությունից և քամելով շուկայի ողջ պահուստները:Թե որքան կշարունակվի նման բացահայտ մութ գործարքների իրականացումը, դժվար է ասել:Արդյունքում տուժում են բոլորը բացի մնացածից:
Արդեն քանի օր շարունակ SAS սուպերմարկետների տարադրամի փոխանակման կետերը չեն գործում, իսկ Երևան City-ի փոխանակման կետերը կապ չեն հաստատում լրատվամիջոցների հետ:
Չնայած նրան, որ ԿԲ-ն հույս ունի մինչև տարեվերջ փոխարժեքի շուկան կայունացնել, թերևս դրամի փոխարժեքն իջեցնելով այնքան, որ այն համապատասխանի տնտեսությունում տիրող իրական վիճակին:
