«Դոնալդը մարտիկ է»․ Մելանյա Թրամփը հանդես է եկել ամուսնու աջակցությամբ
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ամուսնու՝ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավը սկսվելուց ի վեր առաջին անգամ հանդես է եկել նրա աջակցությամբ՝ ասելով, որ «նա մարտիկ» է եւ անհրաժեշտ է նրան Սպիտակ տանը պահել եւս 4 տարի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դոնալդը մարտիկ է, նա սիրում է այս երկիրը եւ ամեն օր պայքարում է հանուն ձեզ»,- Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքում ասել է ԱՄՆ նախագահի կինը։
Նա ելույթը սկսել է շնորհակալության խոսքով այն աջակցության համար, որը զգացել է վերջերս կորոնավիրուսով հիվանդանալու ժամանակ։ «Մենք գիտենք, որ Ամերիկան կհաղթահարի այս անսպասելի խնդիրը»,- ասել է տիկին Թրամփը, որը փաստացի հեռուստահուշարարից աչքը գրեթե չկտրելով ընթերցել է տեքստը։ Սակայն երբ ամուսնու արժանիքները թվարկելիս, դահլիճից ինչ-որ մեկը բղավել է՝ «նաեւ սիրունն է», նա ժպտացել է եւ արդեն առանց հուշելու արձագանքել․ «Ես համաձայն եմ»։
Մելանյան, որը միջոցառման համար ռազմական ոճի կանաչ բաճկոն էր ընտրել, նաեւ հայտնել է, որ իր ամուսինը «ներուժ է տեսնում յուրաքանչյուրի մեջ՝ անկախ սեռից, ռասայից, սեռական կողմնորոշումից․․․նա հումորի ցնցող զգացում ունի, Դոնալդը սիրում է մարդկանց օգնել»։
Ամուսնու մասին խոսելիս Մելանյա Թրամփը նշել է, որ «պատմության մեջ առաջին անգամ մարդիկ համացանցի միջոցով անմիջապես իրենց նախագահից են լսում այն, ինչը նա ցանկանում է նրանց հասցնել։ Ես միշտ չէ, որ համաձայն եմ նրա ասածի հետ, բայց նրա համար կարեւոր է խոսել այն մարդկանց հետ, որոնց ինքը ծառայում է»,- ասել է ԱՄՆ առաջին տիկինը։
«Մենք պետք է Դոնալդին պահենք Սպիտակ տանը, որ նա ավարտի այն, ինչ սկսել է, եւ մեր երկիրը շարունակի բարգավաճել»,- իր ուղերձն ամփոփել է առաջին տիկինը։
Բացի կորոնավիրուսից եւ ամերիկացիներին ուղղած կոչից, որ կատարեն CDC-ի հանձնարարականները, նա դեմոկրատներին հիշեցրել է «կեղծ իմփիչմենթի» փորձի մասին, Բայդենին հանդիմանել է անգործության եւ սոցիալիստական ծրագրի պատճառով, իսկ դեմոկրատներին՝ վախեր սերմանելու, ավանդական արժեքները քայքայելու եւ ամերիկացիներին պառակտելու համար։ «Մեր երկիրը հույսի երկիր է, այլ ոչ թե վախերի երկիր»,- ասել է նա։