Դրամի վերջին արժեզրկումն իր ազդեցությունն անպայման ունենալու է առաջիկա շաբաթների ընթացքում.
Միջազգային հեղինակավոր դրամագետ, ֆինանսական խորհրդատու, ֆինանսատնտեսական գիտությունների դոկտոր, Լոնդոնում բնակվող մեր հայրենակից Արմեն Փափազյանի կարծիքով՝ դրամի վերջին արժեզրկումն իր ազդեցությունն անպայման ունենալու է առաջիկա շաբաթների ընթացքում: Կան մի շարք զարգացումներ, որոնցից պետք է զգուշանալ: «168 ժամին» տված բացառիկ հարցազրույցում հայտնի ֆինանսիստն ասել է.
««Բավականին հնարավոր սցենարը երկրում արտարժույթի և կանխիկ դոլարի պակասի առաջացումն է լինելու, որովհետև դոլարիզացիա ապրող երկրում, ուր տեղական և արտաքին վարկերն արտարժույթով են, բնականաբար, դրամի արժեզրկման պատճառով շուկայի շատ մասնակիցներ ջանալու են շատ արագ իրենց գումարի փոխարժեքն ամրապնդել, որպեսզի այն ավելի չարժեզրկվի և ավելի վատ վիճակի մեջ չհայտնվի: Շատերը ցանկանալու են իրենց դրամները հիմիկվանից փոխել դոլարի՝ չսպասելով հետոյին: Իրավիճակը բերելու է շուկայում գոյություն ունեցող կանխիկ և թվային արտարժույթի սուր պահանջի:
Երկրորդ հնարավոր սցենարն այն է, որ ավանդների և վարկերի դոլարիզացիան կարող է խստանալ, այն իմաստով, որ անհատներն ու հաստատությունները կարող են այլևս որոշել, որ արժեզրկումների ռիսկը չարժե այն նպաստը, որ իրենք ունենում են դրամով իրենց գումարները պահելուց: Այս դեպքում դոլարիզացիայի ընթացքը զորանալու կամ շարունակվելու է: Կրկին ու կրկին խստանալու է արտարժույթի պահանջը: Այս զարգացմանն իբրև հետևանք, և նաև՝ հաշվի առնելով վերջին տարիների գործելաոճը, հնարավոր է, որ պահանջները կրկին բավարարվեն արտաքին վարկերի ճանապարհով: Եթե այս սցենարը գործի դրվի, նշանակում է, որ մեր դիմաց գտնվող հիմնական մարտահրավերը, որն է՝ տեղական արտադրողական արժեք ստեղծելը, կրկին առաջ չի մղվի, և փոփոխության չի ենթարկվի վարկեր վերցնելու քաղաքականությունը:
Իսկ երրորդ հավանական զարգացումն այն է, որ շատ ընտանիքներ, հաստատություններ, որոնք արդեն իսկ ֆինանսական դժվարությունների առջև են, կարող են շատ ավելի խիստ ֆինանսական հյուծման առջև կանգնել, շատ պարզ մի պատճառով, երկրում, որտեղ 63% վարկերի դոլարիզացիա կա, բայց ժողովրդի և հաստատությունների եկամուտը դրամով է, ստիպված պիտի լինեն իրենց եկամտից շատ ավելի մեծ համեմատություն գործածել, որպեսզի իրենց տեղական ու արտաքին վարկերը փակեն: Դրամի արժեզրկումը բերելու է նրան, որ արտարժույթով վարկերը վտանգվելու են կամ չեն վճարվելու, իսկ վճարվելու դեպքում էլ տուժելու են մարդկանց կյանքի որակը, հաստատությունների ֆինանսական առողջությունը: Իհարկե, այս բոլոր զարգացումներն ու սցենարները ես նկարագրում եմ ոչ միայն՝ իբրև հետևանք այս վերջին մի քանի օրերի արժեզրկման, այլ ընդհանրապես՝ որպես ընդհանուր կացության հավանական զարգացումներ»»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
