«Դրանք հակասում են ռուս-թուրքական փոխշահավետ համագործակցության ոգուն». Մոսկվան զգուշացրել է Անկարային
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայում ահաբեկիչ Դուդաևի անվան այգու բացումը, ասել է, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների ոգուն, Մոսկվան ակնկալում է, որ Անկարան լրջորեն կընդունի Ռուսաստանի ազդակները։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին:
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը բացարձակապես մերժում է ահաբեկիչների, գրոհայինների, ծայրահեղականների հերոսացման ցանկացած ձև, պրակտիկա, տեսակ, դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։
«Նման փորձերն անընդունելի են և, անկասկած, պահանջում են ողջ միջազգային հանրության ամենավճռական դատապարտումը: Այստեղ մենք պետք է համախմբված լինենք: Դրանք հակասում են ոգուն, այդ թվում ռուս-թուրքական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության, որի պահպանմանն ու ամրապնդմանն այդքան մեծ ուշադրություն են դարձնում մեր պետությունների ղեկավարները»,- ասել է նա։
«Մենք ակնկալում ենք, որ փոխադարձ վստահությունը խաթարող նման քայլերի անթույլատրելիության մասին մեր ազդակները թուրքական կողմից կընդունվեն ամենայն լրջությամբ»,- ընդգծել է նա։