Ձերբակալված քննիչները մեղադրվում են իրեղեն ապացույց թմրանյութն իրացնելու համար
Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի 4 քննիչները, որոնք երեկ ձերբակալվել էին, մեղադրվում են քրեական վարույթի շրջանակներում որպես իրեղեն ապացույց ճանաչված թմրանյութն իրացնելու մեջ: Նրանցից 3-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor․am-ի աղբյուրները: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 393-րդ 1-ին և 441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն` թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն` իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը: Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՔԿ 4 քննիչի: Թե վերջիններս իրենց մեղադրանքի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն, մեզ հայտնի չէ: Արաքս Մամուլյան