ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ինչպես բռնությունից տուժած անձանց, այնպես էլ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ներբեռնվել և քննության առարկա է դարձվել դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունը:
Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երեւանի բնակիչ Ա.Իսոյանն է, ծնված՝ 1988թ.։ Վերջինս ձերբակալվել է՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Քննությամբ պարզվել է վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը՝ Մ.Դանիելյան, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց, վերջիններիս գործողություններից տուժած այլ ավտոմեքենաների վարորդների և դեպքին ականատես անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։
Խնդրում ենք միջադեպի հետևանքով տուժած անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։ Ովքեր տեղեկություններ ունեն տեսանյութում տեսանելի մահակով զինված և բռնություններ կիրառող երիտասարդների ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն շրջանի քննչական բաժին:
Aysor.am-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Իսոյանը ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է՝ Անդրանիկ Իսոյանը։




