ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲՀԿ-ԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Ընդդիմադիր ուժերն իրենց շտաբներում աշխատում են առավելագույնս զգուշավոր, ջանում են կասկածելի մարդկանց չընդունել, քանի որ հասկացել են, որ գտնվում են իրավապահների խոշորացույցի տակ, եւ ցանկացած կասկածելի ելումուտ կարող է շոուի նյութ դառնալ՝ ընտրակեղծիքների թեմայով։ Շտաբի պատասխանատուներից մեկը անկեղծացավ, որ չնայած շտաբները բացվել են ընտրությունների համար, բայց կարեւոր հանդիպումները հաճախ այլ՝ աչքից հեռու վայրերում են անում։
Նախօրեին ձերբակալվել է ԲՀԿ-ական թեկնածու Արամայիս Ապրոյանը՝ ցուցակի 83-րդ համարը, Գավառի գրասենյակի ղեկավարը։ Դատախազության հաղորդագրության համաձայն՝ «նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին, ժամը 21:20-ի սահմաններում կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին»։
Ըստ դատախազության՝ Ս. Զ.-ն 8 ընտրողի կաշառք է տվել՝ մեկական փաթեթ սննդամթերք՝ մոտ 7000 դրամ արժողությամբ: