Ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալը
168.am-ը գրում է. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը։ Տեղեկությունը հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ նշելով, որ նա ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Քրեական գործից այլ մանրամասներ չհաղորդեցին։
Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներքին անվտանգության աշխատակիցների կողմից «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտմամբ մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ն, Լուիզա Չ.-ն և Դիաննա Մ.-ն 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:10-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել են 3 դատապարտյալների հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում