Ձերբակալվել են՝ ԵՄ գրասենյակի հատկացրած դրամաշնորհից խոշոր գումարներ հափշտակելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գեւորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 եւ 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագիր եւ դրա շրջանակներում գործողություններ կատարելու պատրվակով ստացել եւ հափշտակել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Նկարագրված արարքները կատարելու կասկածանքով 2016 թվականի մարտի 22-ին Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը եւ Գեւորգ Ղազարյանը ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բազմածավալ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
