Էդմոն Մարուքյանը՝ «չափն ու սահմանն անցնողներին»
|
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի արձագանքը չուշացավ «Իմ քայլի» որոշ պատգամավորների հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ. «Երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ինչպես է քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է, որ զարմանալիորեն քննարկումն ընթանում է անհանդուրժողականության մթնոլորտում: Զարմանում եմ՝ ընդդիմադիր ուժն իշխանություն դառնալով այդքան կարճ ժամանակահատածում անհանդուրժողական է դառնում ընդդիմության նկատմամբ: Մարդիկ սկսում են ձեռ առնելով, տարբեր ոճաբանական բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել քաղաքական մրցակիցներին: Այս առումով կարծում եմ լավ խոսք կա Աստվածաշնչում՝ «գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով կլինի», ու գայթակղություն կար՝ անցնել չափն ու սահմանները և կային նաև անցնողներ»,- ասաց Մարուքյանը: Հիշեցնենք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի այսօրվա ելույթի մի մասն ուղղված էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: Մարուքյանը շարունակեց. «Ախր, հեղափոխությունը եղել, ավարտվել է ու չեմ կարծում՝ ճիշտ մոտեցում է այդքան մարդկանց երեսով տալ: Փաշինյանը, ով սկսել ու ավարտել է հեղափոխությունը, այդքան չի խոսում հեղափոխությունից ու չի տալիս երեսով, որքան տալիս են մարդիկ, ովքեր կապ չունեն ու բախտի բերմամբ՝ դասավորված են այդ շարքերում»: |
