էժան, անմակարդակ քծնանք կա այդ ամենի մեջ.IRAVUNK.com
Ճիշտ են ասում, որ ձուկը գլխից է փտում: Հասարակության գլուխն էլ մտավորականությունն է եւ եթե հասարակությունը գտնում է փտման պրոցեսի մեջ, այսինքն` չի կարողանում հաշտ ու խաղաղ ապրել, ստեղծագործել, ձեռքբերումներ ունենալ, երկիր շենացնել, վարաքի դեմն առնել ուրեմն գլուխը փտել է:
Այսօր «Ժողովուրդ» թերթում հրապարակվեց Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը: Չէի ասի, որ այն զայրացրեց, ոչ էլ զարմացրեց: Պարզապես մի պահ տխրեցրեց, որ Հայաստանի ժողովրդական արտիստը, պրոֆեսորը կարող է հասնել այսպիսի մտքերի, որը շատ անգամ կարող ես լսել անկիրթ ու անգրագետ մարդկանց բերանից, բայց ոչ երբեք մտավորականի: Ծատուրյանը այսօր իրեն պատկերացնում է ձիու վրա` թուրն առած, դոշով պաշտպանում է Նիկոլին եւ կոչ է անում Նիկոլին քննադատողների հարցերը «սամասուդով» լուծել:
Այսինքն` դերասանի մտքով անգամ չի անցնում, թե Նիկոլին կարելի է քննադատել, իսկ քննադատողները, իր ներկայացմամբ, միայն նրանք են, ովքեր «լավ լափել են եւ հիմա զգում են, որ այդ լափածը ձեռքերից գնում է»: Այսինքն` ըստ սույն «մտավորականի», եթե, օրինակ` ասում են, թե, Նիկոլ, ինչի՞ ես ուզում, որ 12 տարեկան հայ դեռահաս աղջիկը զբաղվի սեքսով ու դրա համար մի զիբիլ կոնվենցիա ես քո խորհրդարանով հաստատում, ուրեմն այդ ասողը հաստատ ինչ-որ մի բան լափել է, հիմա էլ քննադատում է: Այսինքն` Ծատուրյանը կո՞ղմ է այդ կեղտին, կո՞ղմ է նաեւ, որ տարբեր տեսակի գոմիկներ իրենց զգում են երկրի տերը, կո՞ղմ է նաեւ, որ հայոց եկեղեցին դուրս են վռնդում դպրոցական ծրագրերից, իսկ ով դրան դեմ է, անպայման լափե՞լ է: Նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ ով որ դրան կողմ է լափում է այսօր եւ ով որ դեմ է, որ Նիկոլին սուր քննադատեն վախենում է, որ իր այս երկու տարվա լափածը ձեռքերից կառնեն:
«Նիկոլին, եթե հայհոյում են, ասում է ոչինչ, ի՞նչ ոչինչ, պետք է բռնես ու հերներն էլ անիծես»,- հաշվեհարդարի կոչ է անում մեծ հայրենասերը: Նախ հիշեցնենք պարոն դերասանին, որ բանտերը լեփ լեցուն են Նիկոլի ընդդիմախոսներով եւ որ ընդհանրապես կա Սահմանադրություն, մարդու իրավունք, կարծիք արտահայտելու ազատություն եւ վերջապես մարդը, առավել եւս մտավորականը կարող է ունենալ քննադատական մոտեցում եւ դրա համար պետք չէ, որ նրա հերն անիծեն: Ընդհանրապես վատ, շատ վատ նշան է, երբ մտավորականները դիմում են երկրի ղեկավարին, թե քեզ քննադատողներին «բռնի եւ հերներն անիծի»: Մի տեսակ էժան, անմակարդակ քծնանք կա այդ ամենի մեջ: Հատկապես այս օրերին, երբ հաշվեհարդար է տեղի ունենում Ծառուկյանի հանդեպ: Այդպիսի քծնողների ջարդուփշուր անելու կոչերով է, որ միս ու արյուն են ստանում դեսպոտներն ու դիկտատորները, որոնք էլ իրենց հերթին քանդում ոչնչացնում են իրենց սեփական երկրները եւ թողնում իրենցից հետո ավերակներ:
«Բայց, քանի որ մեր եկիրը 20 տարվա մեջ լրիվ հերներս անիծած երկիր է թավշյա-մավշյա բաները պետք է վերացվեն»,- վճռականություն է ցուցադրում դերասանը: Իհարկե, կարելի է հարցնել, բա եթե երկրի հերն անիծվում էր այն ժամանակ, ինչի՞ ձեն ու ծպտուն չէիր հանում, պարոն Ծատուրյան, մի բան էլ իշխանություններից մեդալներ էիր ստանում, ստանում էիր եւ ընդունում: Իսկ հիմա մեկ էլ հիշեցիր, թե 20 տարվա մեջ հերներդ անիծել են: 20 տարվա՞ մեջ...Այսինքն` ստացվում է նաեւ, որ Լեւոնի ժամանակները քո համար լավն էին... Բայց չէ՛, իր սեփական մտքերի մեջ խճճվելով դերասանը ասում է նաեւ, թե «մենք մի հատ Լեւոն Տեր-Պետրոսյանի հախից չենք կարողանում գալ, էդ մարդը մեռավ մարդկանց գլուխ ուտելով»: Այդ դեպքում ինչո՞ւ 20 եւ ոչ թե 30 տարվա մասին է խոսում դերասանը, թե՞ Թատերական ինստիտուտում թվաբանություն չեն դասավանդում, կամ էլ թե չէ Նիկոլը Լեւոն Տեր-Պետրոսյանի բնից դուրս չի եկել: Բա որտեղի՞ց է դուրս եկել:
Սակայն ամենից շատը Նիկոլայ Ծատուրյանը չի սիրում Աշոտյանին ու «սաղին»: «Էդ Աշոտյանին, սաղին պետք է տան ժողովրդի ձեռքը սամասուդ անելու»,- հայտարարում է քաջն Ծատուրյանը: Այսինքն` ով ում չի սիրում պետք է տալ ժողովրդի ձեռքը: Բայց չէ՞ որ ոմանք էլ չեն սիրում հենց Ծատուրյանին: Բա որ հանկարծ Ծատուրյանին տան ժողովրդի ձեռքը սամասուդի համար, չէ՞ որ ժողովուրդն էլ է տարբեր ` մեկը չի սիրում Աշոտյանին, մեկը չի սիրում Ծատուրյանին, մեկը չի սիրում սաղին, բայց սրա վերջը քաղաքացիական պատերազմ է չէ՞: Այդ երկու տարի հույս ունեիք դատարանով մի բան Աշոտյանի ու «սաղի» վրա գտնեիք, չգտա՞ք, համբերությունդ հատեց, որոշեցիք «սամասուդի» անցնե՞լ: Բա 75 տարեկան մարդը, մտավորականը, պրոֆեսորը, ժողովրդական արտիստը ինջնի այդ մակարդակի՞ն, ափսո՜ս, շատ ափսոս:
Ծատուրյանը Նիկոլի քննադատողներին պատրաստ է սրի քաշել, բայց ինքն ցանկանում է խորհրդով օգնել (ընդհանրապես զվարճալի է, երբ ոմանք մասնագետ չլինելով, փորձում են քաղաքականության դասեր տալ, նույնքան զվարճալի կլիներ եթե քաղաքական գործիչները դերասաններին բեմարվեստ սովորեցնեին), եւ իրեն «թույլ է տալիս» Նիկոլի սխալները մատնանշել: «Նիկոլ Փաշինյանի ամբողջ սխալն այն է, որ նա չստեղծեց իր կաբինետը: Հիմա նա ԱԱԾ-ում պետք է ստեղծի այն ուժերը, ովքեր իրան իսկապես սատար կկանգնեն, այդ ժամանակ նոր կարելի է բոլոր հարցերը լուծել»: Այսինքն` նորից ԱԱԾ-ով բոլորին բռնել նստացնելու մասին է խոսում մտավորականը: Ակամա հիշում ես այն ժամանակները, երբ որ հարեւանը հարեւանի, հարազատը հարազատի, գործընկերը գործընկերոջ վրա ԿԳԲ-ին «դանոս» էին գրում, թե սրան ու նրան բռնեք` մեր առաջնորդին բան էր ասել, ու այդ մթնոլորտի համար մեղավոր են ոչ այնքան առաջնորդները, ոչ էլ այնքան շարքային մանր մունր անգրագետ «ստուկաչները», այլ այն մտավորականները, որոնք իրենց միտքն ու հույսը կապում էին , թե ԿԳԲ-յով ինչպես կարող է իրենց մրցակիներին կամ իրենց չսիրած մարդկանց, կամ իրենց կարյերային խանգարողների հերն անիծել:
«Բոլորը ուրախացան, որ վերջապես ազատվում են Սերժիկից, իսկ հիմա պետք է իսկապես անեն հեղափոխություն եւ մտավորականութնունը պետք է միշտ ժողովրդի կողքին կանգնի»,- հորդորում է Ծատուրյանը: Նախ ասենք, որ մտավորականությունը ոչ թե ժողովրդի կողքին, այլ առջեւից պետք է լինի եւ ո՞վ է այսօր խանգարում Ծատուրյանին կանգնել այն ժողովրդի կողքին, որը օրվա հացից զրկվել է, որի լույսը մարել է, որի երեխաները սոված են, որը գործազուրկ ու հուսախաբ է, որի հարազատները մահանում են բուժօգնություն չստանալով: Բա ինչո՞ւ չի կանգնում: Եվ մի բան էլ` այդ երբվանի՞ց քեզ համար Սերժ Սարգսյանը դառավ «Սերժիկ», չէ՞ որ ժամանակին դու դիմում էիր «Սերժ Ազատիչ, իմ նախագահ»: Հա՜, այն ժամանակ այդպես էր պետք, իսկ հիմա պետք է այսպես: Այսպես ապրելն, իհարկե, անվտանգ է, հարմարավետ, սակայն արդյո՞ք պատվաբեր: Այ եթե այն ժամանակ էլ այդպես դիմած լինեիր Նախագահին, այս հոդվածը չէր լինի: Կասեինք մարդը այսպես խոսալու իրավունք ունի, բայց չէ որ ասում էիր «Սերժ Ազատիչ, իմ նախագահ»: Բա ղայդին տղեն իրեն ըտենց կպահի՞...
Այն ժամանակ Ծատուրյանը ասում էր, թե Նիկոլը քայքայում է ազգային միասնութնունը, որ Սերժ Ազատիչին օգնել է պետք եւ հերիք է միայն նեգատիվը ասել: Եվ դա ընդամենը երկու ու միքիչ տարի առաջ` 2018 թվականի ապրիլի 2-ին, երբ Նիկոլը ոտ-ոտ ընկավ Գյումրի-Երեւան ճանապարհով: Այն ժամանակ հարգելի դերասանը ասում էր, թե էմոցիաներին տրվել պետք չէ, պետք է սթափ եւ հանգիստ լինել եւ պետք է առաջարկություններով ու խորհուրդներով օգնել երկրի նախագահին: Ասում էր նաեւ, որ գոհ է Սերժ Սարգսյանի կառավարությունում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից: Փաստորեն, Նիկոլի հեղաշրջումից ընդամենը 20 օր առաջ Ծատուրյանը չէր նկատում, որ «20 տարվա մեջ լրիվ հերներս անիծած երկիր է»: Աշոտյանին էլ կարող է չէր սիրում, բայց ոչ այս աստիճանի եւ խոսում էր ազգային միասնության մասին: Թե ի՞նչ պատահեց, թե ե՞րբ Ծատուրյանի միտքը այսքան չարացավ... կարելի է հիրեն հիշեցնել իր իսկ թատրոնում բեմադրած «Երբ այդքան չարացանք» պիեսը:
Այնպես չէ, որ Ծատուրյանը չի սիրում միայն Աշոտյանին ու «սաղին», նա չի սիրում նաեւ Պուտինին, ժամանակին քննադատում էր, թե ժողովրդավարական (ով է խոսում ժողովրդավարությունից, սամասուդի կոչ անո՞ղը) մեթոդներով չի ընտրվել: Թե այ մարդ, ի՞նչ գործ ունես Պուտինի հետ: Էդ բոլոր երկրների նախագահների ընտրությունը ուսումնասիրել ես, եկել կանգ ես առել Պուտինի վրա: Գյումրիի պռոշով անցում է թուրքական սահմանը, հետաքրքիր է Ծատուրյանը գիտի՞ ով է պահում այդ սահմանը: Թե՞ իրեն պետք չէ, որ այդ սահմանը պահվի, իսկ եթե գիտի, ի՞նչ գործ ունի բզբզի, թե ով ինչպես է ընտրվել: Կամ էլ դու այստեղից ինչ գիտես թե ով ինչպես է ընտրվել: Ռուսներին վատաբանելով ի՞նչ ես ուզում ստանալ :
«Մենք էլ հո արջի պես քնած չենք: Մենք էլ հարկ եղած ժամանակ դուրս կգանք փողոց եւ արդեն կպահանջենք ուրիշ բաներ»- սպառնում է ռադիկալիզմի գիրկն ընկած դերասանը: Էդ ի՞նչ պիտի պահանջեք սամասո՞ւդ, արյո՞ւն, ԿԳԲ, բա ասում էիք կշռադատվա՜ծ, սթա՜փ ու ձեր էդ պահանջածից ո՞վ կշահի ժողովո՞ւրդը, թե՞ դուք, որ փորձում եք մտնել յուրաքանչյուր իշխանության աչքը:
Ահա այսպիսին է հայ մտավորականության մի մասը ու դրան ընդօրինակում է ժողովրդի մի մասը: Ասում են, եթե պրոֆեսոր է, ուրեմն ճիշտ է ասում ու դրա համար էլ վիճակն այսպիսին է, որովհետեւ սիրում են քարեր նետել անցայլում իրենց իսկ գովերգած մարդկանց վրա, սիրում են հեռվից հեռու աշխարհի հզորներին բան ասել, քաջ իմանալով, ո՛չ այդ հզորները ձեզ կպատասխանեն քանի որ մանրադիտակով էլ իրենց համար չեք երեւում, ո՛չ էլ իշխանութնունից հեռացած նախագահը կիջնի այդ « պլինտուսային» մակարդակին ու ստացվումն է, որ լեզվի տակ ոսկոր չկա, ինչ ասես կարելի է բլթցնել, չէ՞ որ այդպես հարմար է եւ անվտանգ:
Հ. Գ. Ծատուրյանի հարցազրույցը հետեւեց մեկ այլ ժողովրդկան արտիստ ու դերասան Միքայել Պողոսյանի մաղձին, թե ո՞վ էր Միքայել Պողոսյանը հեղափոխությունից առաջ, հայտնի է բոլորին, ում էլ հայտնի չէ կարող է կարդալ : Տպավորությունն այնպիսին է, որ ընդհանուր հանձնարարական է իջեցված մտավորականներին, բայց իջեցված հանձնարարականը կատարելիս մտավորականն ինքն է իջեցվում…
Հիշողությունը թարմացնելու համար ,ի քանի մեջբերումներ Նիկոլայ Ծատուրյանի խոսքերից
«Հիմա մենք ինչքան էդպիսի բաներ անենք ներսում, էդքան թուլանում ենք,- ասել է Նիկոլայ Ծատուրյանը «Հայելի» ակումբում տված հարցազրույցում, 2018 թվականի ապրիլի 2-ին` անդրադառնալով Նիկոլի Գյումրուց սկսած քայլերթին,- Դա թուլություն է, բայց երբ որ բոլորը համախմբվեն, լավ, Սերժն ա, Սերժն ա` օգնեք ինչ-որ հարցերում, ոչ թե չարախոսեք, այլ իսկապես օգնենք: Սերժ Ազատիչ, իմ նախագահ, հարց կա, որ ես ուզում եմ ձեզ հետ քննարկել: Այ, էս հարցը ինչպե՞ս պետք է լուծենք: Ես, օրինակ` գոհ եմ մեր մշակույթի նախարարից, որովհետեւ քայլեր է անում: Շատ լավ բան է, երբ գնում ենք մենք գյուղերը եւ էլի մի շարք բաներ… Այ, պետք է անընդհատ այդպիսի բաներ առաջարկել, ոչ թե անընդհատ նեգատիվը տեսնել … Պետք է քայլեր առաջարկել, ոչ թե անընդհատ սենց կատաղած, կատաղությունը վատ բաների է բերում, էմոցիաների: Չէ´, հանգիստ, սթափ կշռեք ինչ եք անում»:
***
Մտավորականը կարծում է, որ փողոցներ, ճանապարհներ փակելով չէ, որ պետք է խնդիրները լուծել, այլ ավելի քաղաքակիրթ ձևերով, քանի որ փողոց փակելն ամբոխային մտածելակերպի արդյունք է։
«Չի կարելի ժողովրդի տարանջատել, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-ասում է ժողովրդական արտիստը։
Ըստ Նիկոլայ Ծատուրյանի, ամբոխի վատն այն է, որ չեն սիրում ենթարկվել, հասկանալ, չեն սիրում վերլուծել։
«Որ ասեմ՝ ես հիացած եմ Փաշինյանով, կամ ատում եմ Փաշինյանին, սուտ կլինի։ Ես տեսնում եմ, որ նա շատ բաներ ճիշտ է անում, շատ բաներ էլ՝ սխալ»,-նշում է ռեժիսորը։
Ծատուրյանը վերապահում ունի նրանց նկատմամբ, ովքեր կա՛մ շատ են հայհոյում Փաշինյանին, կամ էլ` նրա արևով են երդվում։ 21.05.2019
https://armeniasputnik.am/radio/20190521/18716159/chi-kareli-joxovrdin-taranjatel-da-voch-mi-lav-bani-chi-beri.html
***
ՆԻԿՈԼԱՅ ԾԱՏՈՒՐՅԱՆՆ էլ հիշեց, որ մի առիթով անգամ կատակել է` ասելով, որ Լիլիթ Մակունցը մինչեւ խորանա իր գործում` ինքն այլեւս չի լինի: https://iravunk.com/news/65452
–Ինձ ասում են՝ «Պարոն Ծատուրյան, դե՞մ եք, որ մենք Ռուսաստանի հետ միանանք»։ Ասացի՝ «Դեմ չեմ, որովհետև Եվրոպան էլ մի զիբիլ չի»։ Բայց ախր պիտի պայման դնել կարողանաս։ Գնում են Ռուսաստանի թևի տակ՝ դե, պայման դիր։ Ասա՝ «Ճանապարհ տուր ինձ, որ մենք հաղորդակցվենք։ Այնպես արա, որ նավթատարը մեր տարածքով անցնի, ոչ թե մեզ շրջանցի»։ Հենց այդպես է լինում, որ Ռուսաստանն էլ քեզ շան տեղ չի դնում ու ձեռ է առնում։
https://www.tert.am/am/news/2013/10/19/tsaturyan-nikolay/896120