Էջմիածնի բոլոր հարցերը լուծվում են գեներալ Մանվելի «պադվալում»՝բիլիարդի սեղանի շուրջ
Էջմիածնում սեպտեմբերի 18-ին սպասվող քաղաքապետի ընտրությունների մեկնարկը սկսվեց թեժ զարգացումներով, եւ կարծես թե գնալով այն նոր նրբերանգներ է ստանում:
Մրցասպարեզում են գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, եւ Էջմիածնի ավագանու նախկին անդամ, ինքնաառաջադրված Արթուր Թումանյանը՝ Սմերտ մականունով:
Մրցապայքարն առայժմ ուղեկցվում է թեժ քննադատությունների տարափով. անգամ հայհոյանքներ հնչեցնելու մակարդակով:
Մինչ օրս չեն դադարում տեսակետներ հնչել այն առթիվ, որ Էջմիածնում ստեղծված առկա մթնոլորտի թիվ մեկ պատճառը՝ Գրիգորյանների դինաստիայի գործելակերպն է: Շատերը համոզմունք են հայտնում, որ սուրբ քաղաքում վախի մթնոլորտ հաստատելու, մարդկանց ահուսարսափի մեջ պահելու, վարորդների հետ սեփական հաշվեհարդարը տեսնելու եւ իրենց համար ոչ ցանկալի վայրերում կայանելու համար անվադողերը պատռելու, շատ ու շատ հարցերում թույլ տված կամայականություններում անուրանալի է այս դինաստիայի ունեցած դերը:
Քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանն էլ, նախօրեին որոշել էր արձագանքել իր ընտանիքի հասցեին հնչող քննադատություններին, ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետեւյալ գրառումը. «Էջմիածնի քաղաքապետի «այլընտրանքային» թեկնածու ներկայացող պաչկին` Թումանյան Արթուր, Աբգարյան Հրաչ, Զնդո, Ճոյտ, հրավիրեցի քաղաքակիրթ բանավեճի («Հայկական ժամանակ», 27.08.2016թ., էջ 3), սակայն, այդպես էլ արձագանք չեղավ: Հիմա խոսքս ուղղում եմ կոնկրետ թեկնածուին` Արթուր Թումանյանին` ակնկալելով իր խոհեմությունը, հայրենասիրությունը, քաղաքի նկատմամբ սերն ու հարգանքը: Եկ որեւէ ձեւաչափով բանավիճենք` կա՛մ մամուլի ակումբում, կա՛մ հեռուստաընկերությամբ, կա՛մ էջմիածնեցիների ներկայությամբ: Ես ներկայացնեմ իմ պատկերացրած Էջմիածնի տեսլականը: Դու էլ ներկայացրու, թե ինչու ես կամենում քաղաքապետ դառնալ, ի՞նչ ծրագրեր ես կյանքի կոչելու եւ ի՞նչ մեխանիզմով:Ես յուրաքանչյուր էջմիածնեցու կարծիքն էլ հաշվի եմ առնում, յուրաքանչյուր էջմիածնեցուց, այդ թվում` քեզանից, պատրաստ եմ լսել առաջարկներ: Դու ինձ լավ ես ճանաչում, ես ոչ միայն իմ օգտին քվեարկողների քաղաքապետն եմ. ես հավասար եմ վերաբերվում բոլորին եւ քեզ էլ վերաբերվելու եմ որպես էջմիածնեցու, ով առաջարկներ անելու, կարծիք հայտնելու իրավունք ունի»:
Ստացվում է, գեներալի որդի Կարեն Գրիգորյանը այս հարցում էլ փորձում է հորից հետ չմնալ՝ժառանգելով հայրիկի ոճաբանական հատուկ տաղանդը: Ցավալի է, բայց փաստ, որ պատմությունը կրկնվում է, կամ այլ կերպ ասած, դինաստիայի ձեռագիրը մնում է անփոփոխ:
Իսկ թե ինչպե՞ս է վերաբերում, եւ թե ի ՞նչ գնահատական է տալիս Կարեն Գրիգորյանի կողմից արված վերոնշյալ հայտարարությանն ու հատկապես այն հատվածին, որտեղ քաղաքապետի թեկնածուն անցել է թույլատրելիի սահմանը, ապա քաղաքապետի մյուս թեկնածու, ինքնաառաջդրված Արթուր Թումանյանի կարծիքով, նման գործելակերպը ինչ խոսք անընդունելի է, ու դատապարտելի: Քանի որ որեւէ մեկը իրավունք չունի մարդու արժանապատվությանը դիպչելու:
-Պարոն Թումանյան, այդուհանդերձ որ դեպքում կհամաձայնե՞ք ընդունելու Կարեն Գրիգորյանի բանվեճի հրավերը, եւ ի՞նչ ֆորմատով:
-Մինչ բանավեճին հասնելը, նախ եւ առաջ ես երկու պահանջ ունեմ: Նախ նրանք պետք է ներողություն խնդրեն այն բոլոր էջմիածինցիներից, որոնց անվադողերը ծակել, ճղել, ու ոչնչացրել են: Ներողություն պետք է խնդրեն այն մարդկանցից, ում վիրավորել ու նսեմացրել են:
Եւ երկրորդ՝թող բացեն Էջմիածնի փակ ճանապարհները՝փողոցները (որը որ փակել է Կարենի գեներալ հայրը):Կարեն Գրիգորյանը եթե ինքնուրույն տղա է, եւ եթե կարող է այդ երկու գործը անել, թող անի, խնդիր չկա, նստենք՝տղամարդավարի խոսենք:
Կամ էլ վեր կենա ասի, որ նման բան չկա: Թող վեր կենա ասի՝մենք տենց բան չենք արել, ոչ մեկի պագրիշկեքը չենք իջացրել, ոչ մեկին չենք հայհոյել, ինքնասիրությանը չենք կպել, ճանապարհներն էլ չենք փակել: Էջմիածնեցին ամեն ինչ գիտի: Կարեն Գրիգորյանը ինքնուրույն տղա չի, եւ դրա մասին գիտեն շատերը: Էջմիածնի բոլոր հարցերը լուծվում են գեներալ Մանվելի «պադվալում»՝բիլիարդի սեղանի շուրջ:
-Ի դեպ, անընդհատ խոսվում է այն մասին, որ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու գործում մեծ դեր են խաղացել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝(Ճոյտ), Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, եւ այլոք: Նշվում է նաեւ այն մասին, որ այս ընտրություններում թիմային պայքար է տարվում՝ ընդդեմ Գրիգորյանների դինաստիայի: Ձեր մեկնաբանությունը:
-Դրանք երեւի իրենց պատկերացրած խոսակցությունների արդյունքն են:Ես ինքնաառաջադրված թեկնածու եմ, ես ինքնուրույն մարդ եմ, եւ ինքս եմ որոշումներ կայացնում:
Բացի այդ, անընդհատ բախվելով այն տեսակետներին, որ Էջմիածինը ճգնաժամի մեջ է, (էդ ընտանիքի պատճառով), որոշեցի մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Որովհետեւ էջմիածնեցիներին նեղացնում են, չեն թողում աշխատեն, տարբեր տեսակի հարկեր են դնում մարդկանց վրա, եւ այլն, եւ այլն:
-Պարոն Թումանյան, իսկ մտավախություն չունե ՞ք, որ Գրիգորյանների հետ առճակատումը կարծես թե անխուասփելի է դառնում :
-Ես վախենալու բան չունեմ, ես վեր եմ կացել՝ Էջմիածինը ազատագրելու համար: Էսօր բոլորը իրենց համար են աշխատում. թե՛ տաքսիստնները, թե՛ քաղաքապետարանի աշխատակիցները, եւ թե բոլոր նրանք, ովքեր էս կամ էն կերպ կախվածության մեջ են:
-Պարոն Թումանյան, մինչեւ վերջ պայքարելու ե ՞ք: Շատ դեպքերում թեկնածուները, բախվելով որոշ բարդությունների, ընտրապայքարի կեսից հիասթափություն են ապրում՝չշարունակելով հետագա պայքարը: Ձեր դեպքում, դա բացառված է, թե ՞...
-Նման բան չկա, ես իմ թեկնածությունը չեմ հանելու եւ պայքարը շարունակելու եմ մինչեւ վերջ: Գիտեք ինչ, գուցե ես էլ ունեմ թերություններ. գուցե իմ բառաֆոնդը էդքան ոսկեղենիկ չի, բայց դրանք ուղղվող՝ շտկվող հարցեր են: Բայց չես կարող աշխատել քո հոգու, սրտի ու կեցվածքի վրա, եթե այն բացակայում է: Էն, ինչը որ մարդու արյան մեջ կա ծնված օրվանից: Իրանց մոտ էդ չկա. Կա նախանձ, չկամեցողություն, ատելություն: Ուրագը վեկալե՝ընկել են էջմիածնեցիքի ջանին: Կարող ա 20-30 տարի Էջմիածնում ապրես, բայց էջմիածնեցի չլինես: Պիտի հոգով-սրտով մաքուր լինես:
Ասածս էն ա, ինձի ասող չկա: Ես ինքնուրույն՝ ինքս իմ ձեւով ապրող տղա եմ: Մանվելը ինձի չի կարա ասի՝ «աչքիդ վերեւը ունք կա » :Ես իմ համար ապրում եմ, ոչ մի բանի կարիք էլ չունեմ, բայց նաեւ տեսնում եմ թե քաղաքում ինչ ա կատարվում, ու էդ ամեն ինչը իմ սրտին ցավ ա տալիս:
Իսկ ինչ վերաբերում է էն մարդկամց ում անունները նշեցիք, եւ (շատ-շատերին էլ նույնպես), ապա նրանք իմ լավ ընկերներն են՝բոլոր ժամանակներում: Նրանցից ամենը մեկը՝ յուրովի իր հարգանքն ու հեղինակությունը ունի այս քաղաքում:
Ավելին, չէր կարելի մեր լավ ընկերոջը՝ Զարզանդ Գրիգորյանին, ասել թուրք: Թուրքի ի ՞նչ կա, որ մարդը ճիշտն ա ՞ ասում: Այսինքն ով անօրինականության դեմ խոսում ա, թուրք ա ՞: Հասկացանք, որ կռվել ես, հասկացանք որ քեզ պետությունը հարգել-պատվել ա, գեներալի կոչում ա տվել, մեդալներ ա տվել, մի բան էլ ավել ա տվել: Բայց էդ չի նշանակում, որ թուրը առնես, ու հարձակվես քո էջմիածնեցիների վրա: Էսօր սաղ ազգն ա կռվել: Ընենց չի, որ մենակ ինքն ա կռվել.ամեն մեկն իրա բնագավառում ա կռվել:
Ես չեմ ուզում անուններ տալ, բայց սաղ Հայաստանը գիտի, թե ով ում ա ուրացել: Հասկանում ե ՞ք:
-Գրիգորյանները նշում են, որ մինչ այսօր քաղաքի համար բազում գործեր են արել, եւ որ նրանց հասցեին հնչող քննադատությունները մերկապարանոց են...Դուք ի ՞նչ կասեք դրա վերաբերյալ:
-Դուք Էջմիածնում մի հատ պտույտ կատարեք, ու կհամոզվեք, թե ինչ է կատարվել իրականում: Գուցե մարդիկ վախենան չխոսեն, բայց փողոցների վիճակը ձեր աչքով կտեսնեք, թե ինչն ինչոց է: Մի հատ տեսեք, թե ինչ է կատարավում Սվերդլով, Չարենց փողոցներում, եւ ոչ միայն: Էջմիածնեցին տեսնում է, որ քաղաքը աղբի մեջ ա: Մի քանի շինության տանիք են վերանորոգել, ուզում են թմբկահարեն, թե մեծ գործեր են արել: Բայց դա իրանց սուրբ պարտականությունն ա եղել: Մեկին տեղեկանք են տալիս, ասում են արի մեզ ընտրի՝ քեզ տեղեկանք կտանք: Դա է ՞ ձեւը:
-Իսկ ընտրվելու դեպքում, ինչպես եք պատկերացնում Ձեր հետագա անելիքները:
-Նախ եւ առաջ քաղաքապետարանի դռները պետք է բաց լինեն բոլորի համար: Պարտադիր չի, որ քաղաքապետը նստի իր աշխատասենյակում ու քաղաքացին նրան ժամերով սպասի, որ իր հարցերին լուծում ստանա: Ես էլ կարող եմ անընդհատ շփվել՝ փողոց առ փողոց, տուն առ տուն շրջել, ու հասականալ, թե ինչ է պետք անել քաղաքում: Բազում մարդիկ այս օրերին զանգում, արձագանքում, ու անկեղծանում են, որ Գրիգորյանները եթե քաղաքում չլինեն, պատրաստ են լուրջ գումարներ ներդնելու՝ քաղաքի բնականոն զարգացման համար:Այսինքն այսօր պայքարը ոչ միայն Էջմիածնի, այլ նաեւ Էջմիածնի շրջանակներից դուրս է: Մեր գերխնդիրը՝ էս ընտանիքից պրծնելն ա: Որպեսզի էջմիածնեցին ազատ արարի, աշխատի ու ապրի: Ազատությունը աշխարհում ամենաթանկ բանն ա: Ազատության մեջ մարդ ամեն ինչ կարա անի:
-Այնուամենայնիվ, ակնկալում ե ՞ք ազատ եւ արդար ընտրություններ:
-Մենք փորձելու ենք անել հնարավորը՝ Էջմիածնում ազատ եւ արդար ընտրություններ կազմակերպելու համար:
-Տպավորություն է ստեղծվում, որ գնալով կարծես թե մեծանում է բախման հավանականությունը: Կարծում եք գործը կհասնի բռունցքներին, թե ՞ հավասարակշռության բալանսը կպահպանվի:
-Ես ոչինչ չեմ կարող բացառել, մենք ո՛չ բախումներից, եւ ո՛չ էլ բռունցքներից չենք վախենում: Մենք գնում ենք մեր Էջմիածինը ազատագրելու…Մարդ մի քիչ սրբություն ու ինքնասիրություն պիտի ունենա:
Ուղղակի ինձ մի հարց է շատ հետաքրքիր. ինչի՞ են խառնվել իրար, ինչի ՞ են սենց վախեցել, եթե էդքան վստահ են իրենց ուժերի վրա, թող հանգիստ իրենց գործերով զբաղվեն: Թող արդար ընտրություններ կայանան.ով կհաղթի՝կհաղթի: Ինչո ՞ւմն ա խնդիրը: Եթե չեն վախենում, ինչի ՞ են սաղ երկրապահին խառնել իրար: Ի ՞նչ կապ ունեն էդ մարդիկ, որ էսօր մեր ընկերոջը թուրք են ասում: Էս խաղի կանոն չի. եթե ուզում են ամեն ինչ իր ճիշտ հունով գնա, նախ եւ առաջ խաղի կանոնը իրենք չպետք է խախտեն:
Հ.Գ Զրույցի վերջում քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը շնորահավորեց բոլոր աշակերտներին, մանկավարժներ և ծնողներին,
Գիտելիքի և դպրության օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։
Առանձնակի շնորհավորանք փոխանցեց առաջին դասարանցիներին, ովքեր ճանաչողության և իմացության աշխարհ բացահայտելու համար ոտք են դնում դպրոցական շեմին: