Էջմիածնում կրակոցներից սպանված երկրորդ տղամարդը երեք տղա ուներ. նա Տուպիկ Կարենի ընկերն էր
Երեկ երեկոյան Էջմիածնում հնչած կրակոցների հետևանքով սպանված 36-ամյա Լևոն Ավետիսյանն Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ էր:
Armtimes.com-ի զրույցում գյուղապետ Սուսաննա Գևորգյանն ասաց, որ Ավետիսյանն ամուսնացած էր, երեք տղա ուներ: «Փոքրը երեք տարեկան է, մեծը՝ 15: Ծնողների հետ են ապրում, շատ լավ կին ունի, թե ոնց է պատահել չեմ պատկերացնում, ուղեղիս մեջ չի տեղավորվում»,- ասաց Գևորգյանը:
Վերջինիս խոսքով՝ Լևոն Ավետիսյանն աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանում որպես հերթափոխի պետ, հետագայում, սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս է եկել աշխատանքից: Հարցին, թե քրեական հեղինակությունների հետ շփում ունեցե՞լ է, Արևշատի գյուղապետն ասաց, որ չգիտի նման անձանց հետ շփում ունեցել է, թե՝ ոչ: «Ինքը խելոք էր, ոչ մի վատ բան չեմ նկատել: Ուղղակի ինքը Էջմիածնի տուպիկ Կարենի (Խոսքը նույն օրը սպանված Կարեն Դավթյանի մասին է,-հեղ.) հետ էր շփվում, իրա հետ շատ մոտ էին»,- ասաց նա: Գևորգյանն ասաց, որ դեպքից տեղեկացել է առավոտյան, սակայն մանրամասներին չի տիրապետում:
Գյուղապետը ճանաչում էր նաև սպանված Կարեն Դավթյանին. վերջինս Էջմիածին քաղաքից էր, ամուսնացած էր: