«Էկել եմ մորթեմ, խաշլամա անեմ». խանդոտ ամուսինը ջարդել է իր 32 տարվա կնոջ կողոսկրը
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Ռ.-ի գործի դատական քննությունը:
54-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրվել իր 32 տարվա կնոջ՝ 2 զավակների մոր առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկում Արմեն Ռ.-ն կնոջը՝ Լյուսյային (անունը փոխված է) մեղադրել է ամուսնական անհավատարմության համար, վիճել է կնոջ հետ, ձեռքերով ու ոտքերով հարվածել է Լյուսյայի մարմնի տարբեր մասերին և ձախ աչքի կոպերի, ճակատի, քթի, շրթունքների, ուսային հոդերի, կրծքավանդակի արյունազեղումների, աջից՝ 10-րդ կողի կոտրվածքի ձևով նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Դատարանը հաստատված է գնահատել, որ Արմեն Ռ.-ն դեպքի օրը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջը մեղադրել է ամուսնական անհավատարմության համար, ծեծել է, նրա առողջությանը պատճառել է տևական քայքայումով միջին ծանրության վնաս:
Դրանից հետո Լյուսյան հեռացել է տանից, գնացել է որդու տուն: Որոշ ժամանակ անց որդու տուն է գնացել նաև Արմեն Ռ.-ն, փորձել է կնոջը տուն տանել: Սակայն Լյուսյան մտածելով, որ Արմենը հնարավոր է՝ վիճի նաև որդու հետ, զանգել է ոստիկանություն:
Արմեն Ռ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը հողամասում աշխատել է ու ժամը 17-ի սահմաններում տանը հաց ուտելու ժամանակ ալկոհոլ է օգտագործել: Կինը աշխատանքից տուն է եկել, իրեն տեսել է օղի խմելիս ու ասել է. «Էլի լկո՞ւմ ես»:
Ինքը պատասխանել է. «Մերդ լկի»:
Այդ խոսքերից հետո գլխին հարված է զգացել՝ Լյուսյան իրեն խփել է հատակ մաքրելու փայտով: Ինքն էլ Լյուսյային է հարվածել քթի շրջանում, նրա քթից արյուն է եկել:
Լյուսյան հատակ մաքրելու փայտով երկրորդ անգամ է հարվածել իրեն, ինքն ընկել է բազմոցի կողքին: Ընկած տեղից մի ձեռքով բռնել է կնոջը, որ չփախչի, իսկ նա ընկել ու կողքը հարվածել է բազմոցի կողքի փայտին:
Ինքը Լյուսյային քաշել-տարել է լոգարան, մաքրել է նրա քթի, երեսի արյունը, պահանջել է, որ լվացվի: Նա լվացվել, սրբվել է: Ինքը թողել է, որ նա գնա իրենց որդու տուն:
Քիչ անց ինքն էլ է գնացել որդու տուն: Որդուն ասել է, որ մորը տուն ուղարկի: Որդին ասել է, թե մայրը հաջորդ օրը տուն կվերադառնա, որդին չի թողել, որ ինքն իր կնոջը տուն տանի: Ինքը դրանից ջղայնացել է: Մտել է որդու տուն, բայց Լյուսյան միս կոտրելու տախտակով հարվածել է իր ուսին, իսկ հարսը գրտնակով խփել է իր գլխին: Որդու տուն են եկել ոստիկաններն ու իրեն բերման են ենթարկել:
Ամբաստանյալ Արմենը պնդել է, թե ինքը միշտ եղել է «հանդուրժողական», բայց կինը, որդին, հարսը իր հանդեպ լավ չեն եղել: Այդ ամենը իր դեմ կինն է սարքել, որ ինքը դատվի, իսկ նա խնամիների ու որդու ընտանիքի հետ ապրի իր տանը:
Այնուամենայնիվ, Արմենն ասել է, թե կատարածի համար զղջում է:
Լյուսյա Ս.-ն հայտնել է, թե Արմենի հետ ամուսնացած է արդեն 32 տարի: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու որդի: Ավագ որդին ամուսնացել է, ընտանիքի հետ ապրում է վարձով, իսկ կրտսեր որդին աշխատում է Երևանում:
Ինքն ու ամուսինը ամուսնական կյանքի ընթացքում միշտ ունեցել են անախորժություններ՝ կապված ամուսնու խանդի հետ: Սկզբնական շրջանում ինքը դիմում էր ամուսնու հարազատներին, նրանք խոսում էին ամուսնու հետ, հարթում էին իրենց վեճերը: Ինքը չի ցանկացել ամուսնուց բաժանվել հանուն որդիների: Միշտ ներել է: Ամուսնուն խնդրել է, որ բժշկի դիմի, նա չի համաձայնել:
2017 թվականի փետրվարին ինքն աշխատանքի է անցել հացի փռում: Ամուսինը խանդել է, ամեն օր եկել է փուռ, նստել է այնքան, մինչև ինքը աշխատանքը վերջացնի, ու միասին տուն գնան:
Փռում աշխատողներն ու ղեկավարը դժգոհել են, պահանջել են, որ ամուսինը փռում չնստի: Արմենը դա այլ կերպ է ընկալել, իրեն կասկածել ու խանդել է, դարձել է ագրեսիվ:
Ինքը ստիպված դուրս է եկել աշխատանքից, սկսել է աշխատել կարի արտադրամասում:
Մայիսի 13-ին, ժամը 17-ի սահմաններում աշխատանքից տուն է գնացել, տեսել է ամուսինը խմած է: Իր ներկայությամբ էլ նա խմել է երեք բաժակ օղի: Իր հետ խոսել է արհամարհական տոնով, վերցրել է տան սեփականության փաստաթղթերը, ասել է, թե գնում է տունը վաճառելու:
Ինքը գնացել է հողամաս, գործ է արել, հետո տուն է գնացել, ճաշ է եփել: Տուն է եկել Արմենը ու ասել է, թե տունը վաճառել է:
Նա շուռ է տվել սեղանը, սկսել է ոտքերով ու ձեռքերով հարվածել իրեն: Դրանից հետո ասել է. «Գնա լվացվի ու ռադ էղի, թե չէ կսպանեմ»:
Ինքը մտել է լվացվելու, Արմենն իր հետևից եկել, հարձակվել է իր վրա: Ինքը ստիպված վերցրել է հատակ մաքրելու փայտը, սկսել է պաշտպանվել, այդ ընթացքում փայտով խփել է ամուսնուն:
Արմենն իր ձեռքից խլել է փայտը, դրանով իրեն հարվածներ է հասցրել ու նորից ասել է՝ գնա տանից, թե չէ կսպանեմ:
Ինքը մի կերպ դուրս է եկել տանից, գնացել է որդու տուն:
Հարսը իրեն տեսնելով՝ որդուն ձայն է տվել՝ արի տես մերդ ինչ վիճակում է:
Կես ժամ հետո Արմենը հայտնվել է որդու տանն ու ասել է. «Էկել եմ մորթեմ, խաշլամա անեմ»:
Ինքն ու հարսը վախից փակել են տան դռները: Ինքը նկատել է, որ Արմենը վիճում է որդու հետ ու որդուն խփում է պատին: Վախեցել է որդու համար և զանգել է ոստիկանություն: Որդին հանգստացրել է հորը, ծխախոտ է տվել, սպասել են ոստիկանների գալուն:
Տուժող կինը հայտնել է, թե չի ցանկանում հաշտվել ամուսնու հետ, չի ցանկանում նրան ներել, չի կարող իր պատիվը վաճառել նրա ներողությունով և ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Տուժողի ու ամբաստանյալի հարսը հանդես է եկել որպես գործով վկա ու հայտնել է, որ դեպքի օրը սկեսուրն իրենց տուն է եկել շատ վատ՝ ծեծված վիճակում: Նրա դեմքն ուռած էր: Նա նույնիսկ իր ձեռքով ջուր չէր կարողանում խմել: Մեկ ամիս անկողնային հիվանդ է եղել, ինքն է խնամել:
Սկեսուրի գալուց կես ժամ հետո իրենց տուն է եկել սկեսրայրը՝ խմած: Նա հայհոյանքներով, վատ խոսքերով ցանկացել է կնոջը տուն տանել, ասել է, թե կնոջ հետ «կիսատ բաներ կան»:
Իր ամուսինը փորձել է հորը դրսում հանգստացնել: Սկեսուրը տեսել է, որ Արմենը չի հանգստանում, զանգել է ոստիկանություն:
Դատարանը որպես Արմեն Ռ.-ի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ հաշվի է առել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Արմեն Ռ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է կալանքի՝ 2 ամիս ժամկետով:
Պատժի սկիզբը՝ Արմեն Ռ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից: