Եկեք մեր օգուտը դարձնենք այսօրվա և վաղվա օրն ապահովող կիրթ, ազնիվ, արժեքներ գնահատող սերունդը
Նոյեմբերի 28-ին, Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցում անցկացվեց՝ հերթական ու խոստացված Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հայրենաճանաչության դասը, որի բանախոսներն էին լեգենդար Կոմանդոսն ու ԱՍԱԼԱ֊ այի հիմնադիրներից Վազգենը Սիսլյանը։ Ապրումներս շատ խոր են, երբ մենք էինք այս պատանիների տարիքին, մենք էլ էինք ունենում հանդիպումներ մեծերի հետ, սակայն լեգենդար մարտիկների հետ, դա երազանք էր։ Դասի ժամանակ հասկացա, որ երեխաները ծարավ են նման հանդիպումների, նման կենդանի շփման, նման սեփական օրինակով դաստիարակչական դասի։ Մենք երկու շաբաթ առաջ եղել էինք նրանց մոտ, Նյուզմեդիայի գլխավոր խմբագիր՝ Գայանե Ջարգարյանի հետ, ով դասի ժամանակ երեխաներին ծանոթացրեց անմահներից լեգենդար Մոնթեին և Լեոնիդին, զրույցի ժամանակ խոստացանք անպայման ծանոթացնել Վազգենի և Կոմադոսի հետ։ Եվ ահա, խոստումը կատարված էր, լավ կլինի, որ հեռուստաալիքները այլասերված սերիալներին տրամադրող հեռուստաժամը տրամադրեն նման ծրագրերին, որպեսզի սերունդներն ունենան վառ օրինակ։ Նրանց տարիքում մեզ դաստիարակող ֆիլմերն ու հաղորդումներն ունեին բարձր արժեհամակարգ, նույնիսկ խաղերը նմանեցնեւմ էինք ֆիլմի սցենարին, նույնը հիմա է, ուղղակի որակի տարբերությամբ։ Քանզի եթերն աղբով է լցված, այդ նույն աղբը մտնում է կենցաղ և շփման ոլորտ։
Սիրելի ծնողնե՛ր, ուսուցիչնե՛ր, պատահական անցորդնե՛ր, իմ հրաշք աշխարհասփյուռ հայությու՛ն, եկեք մեր օգուտը դարձնենք այսօրվա և վաղվա օրն ապահովող կիրթ, ազնիվ, արժեքներ գնահատող սերունդը։
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ