ԵՄ պաշտոնյան կայցելի Աղդամ, Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի «ընդհանուր ռազմավարական շահերը»
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կայցելի Ադրբեջան, Report-ին հայտնել են Բաքվում ԵՄ գրասենյակի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ հանձնակատար Կոսի այցը կսկսվի Բաքվում սեպտեմբերի 18-ին։
Այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Հանձնակատարը կայցելի նաև Ակնա (Աղդամ), որտեղ կհանդիպի ականազերծման պատասխանատուների հետ։
«Այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի կարևորագույն պահին և հնարավորություն կտա ներկայացնել ԵՄ-ի միջտարածաշրջանային համագործակցության օրակարգը՝ որպես կոնկրետ ներդրում տարածաշրջանային զարգացմանը։ Ավելին, հանձնակատար Կոսը Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի ընդհանուր ռազմավարական շահերը, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը և ականազերծումը», - հայտարարել են Բաքվում ԵՄ գրասենյակից։
