ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի «բարձրաստիճան պաշտոնյաների» նկատմամբ
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի «բարձրաստիճան պաշտոնյաների» նկատմամբ` Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները Բրյուսելում:
Դրանց տվյալներով` համապատասխան իրավական ակտն արդեն ընդունվել է գրավոր տեսքով եւ «շատ շուտով» կհրապարակվի ԵՄ Պաշտոնական ամսագրում: DPA-ի տվյալներով` ցանկում հայտնվել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, Պատժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովը եւ Ռոսգվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկուշաբթի աղբյուրը ԵՄ Խորհրդում եվրոպական երկրներից մեկի պատվիրակությունում ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ԵՄ 27 երկրների դեսպանները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր միջոցառումների մասին` Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, որոնք ներդրվում են ԵՄ պատժամիջոցների նոր մեխանիզմի շրջանակներում: