ԵՄ-ն ռուսներին Շենգենյան վիզաների տրամադրման նոր ռազմավարություն կներկայացնի
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) նախատեսում է ավարտել ռուսներին Շենգենյան վիզաների տրամադրման նոր ռազմավարության մշակումը 2025 թվականի վերջին։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մարկուս Լամերտը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է տարեվերջին մեր ներկայացրած ռազմավարությանը, ապա նոր վիզային ռազմավարությունն իսկապես մշակման փուլում է», - նշել է Լամերտը։
ԵՄ որոշ երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Չեխիան, արդեն դադարեցրել են Ռուսաստանի քաղաքացիներին տուրիստական վիզաների տրամադրումը։ Այս երկրներ մուտքը պահպանվում է միայն այն քաղաքացիների համար, ովքեր ունեն չափազանց հիմնավոր պատճառներ և համապատասխան փաստաթղթեր։ Միևնույն ժամանակ, նրանց համար բարդացել են վերահսկողության և ստուգման միջոցառումները։
