Եռապատկված պարտքով
«Ժողովուրդը» գրում է.
«Չնայած Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարը, իշխանությունները շտապում են հանգստացնել, թե երկիրն այդ առումով վճարունակության հետ կապված խնդիրներ չունի: Ավելին՝ կառավարությունը շարունակելու է արտաքին նոր պարտքեր վերցնել, ընդ որում, ինչպես մեկնաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սա արվում է տնտեսական զարգացման, նաեւ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով: «Եթե եկամուտները չեն հերիքում ծախսեր կատարելու համար, բնականաբար, պետք է պարտք վերցնել: Առանց դրա հնարավոր չէ... Մենք շարունակելու ենք պարտք վերցնել: Մանավանդ արտաքին պարտք վերցնելիս պետք է շեշտադրումը կատարել կապիտալ ծախսերի վրա, պետք է ջանքեր գործադրել, որ ընթացիկ ծախսերն էլ որոշակի վերաիմաստավորվեն, գնա տնտեսության արտադրողականության բարձրացմանը... Պետք է որոշակի պարտք վերցնել, որ տնտեսական աճ լինի»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նախարարի հայտարարություններն ուշագրավ են մեկ այլ համատեքստում: Նա ըստ էության այսպես գնահատել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ըստ այդմ, ներքին ռեսուրսները չեն բավարարում ո՛չ բյուջեով նախատեսված ծախսերը հոգալու (քանի որ եկամուտները քիչ են), ո՛չ տնտեսական աճ ապահովելու համար, ուստի իշխանություններն այդ նպատակով ստիպված են պարտքեր անել: Ցավալին այն է, սակայն, որ այս վիճակը նոր չի ստեղծվել, այլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին սա դարձել է գործելաոճ. երկրի տնտեսությունը գոյատեւում է հիմնականում հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման, օտարերկրյա դրամական փոխանցումների եւ արտաքին պարտքի շնորհիվ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
