ԵՐԲ ՄՏԱԾՈՒՄ ԵՄ ԻՄ ՈՒ ԷՐԳՐԻՍ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ըկերներիցս շատերը զարմանում են, որ ես դեռևս չեմ եղել Էրգրում, իմ տատուպապի, իմ նախնիների ծննդավայր, շենացրած երկրում՝ Արևմտյան Հայաստանում: Հորական կողմս Ալաշկերտից է, մորական կողմս Սասունից, ալաշկերտցի տանուտեր Քոչարի ծոռնուհին եմ:
Ես ունեմ իմ մեկնաբանությունը՝ Արցախի հողն էլ եմ դժվարությամբ տրորել, ոտքս չէի կարողանում մեքենայի թափքից իջեցնել և հպել գետնին, հողը տնքում էր իմ սերնդակիցների արյամբ, արյուն, որը թափվել էր երկրիս սահմանը պահպանելիս, որը թափվել էր մեր անկախության համար, որը ուրացան և ուրանում են ինչոր ճղճիմ ոչնչություններ, ահավոր եմ բարկանում, սարսափելի, երբ ամեն թուփ ու ծառիս, ամեն մի թիզ հողիս համար պայքարած մարդը գոյատևում է, իսկ դրա հետ կապ չունեցողը վայելքների մեջ է, ամաչում եմ նրանց վիճակի համար, ամաչում եմ, ամաչում եմ, որ այսօր էլ զավակներիս հասակակիցների այրամբ է տնքում հողս, ամաչում եմ: Երբ գնում եմ Արցախ, դեռ ետ չեկած, արդեն կարոտում եմ մեր գեղեցկուհուն, մեր հրաշալիքների հրաշալիքին ու հենց դա է պատճառը, որ չեմ գնում Էրգիր: Նրա նկատմամբ մեկ այլ զգացում ունեմ, այնտեղի հողն էլ տնքում է միամիտ ու հավատքով լեցուն հայորդիներիս արյամբ, ովքեր հավատացել և իրենց սուրը վայր են դրել թուրքի առաջ, ովքեր հավատացել և հպատակվել են թուրքին, ովքեր հավատացել և մորթվել են թուրքի ձեռքով, և ամեն անգամ մեր ներսի թուրքի աջակցությամբ: Վախենում եմ գնամ ու չդիմանամ կարոտին, վախենում եմ գնամ...
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ