Երբ ընտանիքիդ անդամներով հպարտանալու առիթ ունես. Տաթեւ Արցախ
Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության եւ արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգեւատրվել շարքային ՄԽԻԹԱՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ:
«Երբ ընտանիքիդ անդամներով հպարտանալու առիթ ունես», - անդրադառնալով վերոնշյալին` գրում է քաղաքական ակտիվիստ ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ (ՎԻՐԱԲՅԱՆԸ) եւ նշում, որ Մխիթար Հայասերի Գաբրելյանն իր քրոջ որդին է. «Դեռ ապրիլյան պատերազմի ժամանակվանից էր , որ Մխիթարիս մեջ նկատեցի, թե ինչ մարտական ոգով է պատրաստ հայրենիքի համար կռիվ տալ , նա դեռ 14 տարեկան էր, երբ ընկերների հետ գնացել էր Քարվաճառի զինկոմիսարյատ եւ խնդրել , որ իրենց դիրքեր տանեն, բնականաբար, չէին տարել։ Սակայն էդ ժամանակ էլ հանգիստ չուներ թիկունքում էր ակտիվ գործողությունների մեջ»։
Տաթեւը պատմում է, որ մեկ տարի առաջ էր Մխիթարը զորակոչվել բանակ, իսկ ամիսներ առաջ բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ. «Էս պատերազմի ժամանակ շատ էի վախենում Մխիթարիս համար, դե նրա հետ շատ քիչ էր ստացվում կապ հաստատել։ Եղբայրս` Գեւորգը, նրա մասին էսպես էր ասում. «արա՛, հանգիստ էղի, էնի սաղիցս դուխով ա կռվում, ամեն ինչ կարգին ա իր ա մոտ»։ Պատերազը ավարտվեց, իսկ ես տարբեր լրատվականներով ու էջերով տեսնում ու կարդում էի Մխիթարիս վաշտի սխրանքների մասին նյութեր։ Եվ ահա նաեւ իր քաջության համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»:
Եզրափակելով խոսքը` Տաթեւը հավելում է. «Ապրեք տղերք , ես հասկանում եմ իրենք քանի ճակատով են կռիվ տվել։ Ապրես տղես, հպարտ եմ։ Նաեւ պիտի իմ շնորհակալությունն ու երախտիքը հայտնեմ վաշտի հրամանատար՝ Մարգար Սարիբեկյանին` նախ մեր հայրենիքի համար անձնվիրաբար կռիվ տալու եւ ճիշտ հրամանատարություն վարելու համար»։
