«Երբեք չենք գնա հող հանձնելու ճանապարհով՝ բացառվում է».գեներալ Արկադի Կարապետյան
Հնարավոր չէ վերադարձ անցյալին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է վերահաստատել իր պաշտոնական հայտարարություններում, որ Արցախը երբեւէ չի կարող դառնալ բանակցային կողմ: Դրան զուգահեռ` վերջին շրջանում ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա վերլուծաբաններ կարծիքներ են հնչեցնում, որ արցախյան բանակցությունների օրակարգում կարող են լուրջ փոփոխություններ լինել՝իհարկե ոչ ի օգուտ հայկական կողմի:
Հայտնի է, թե ինչ բուռն քննարկումներ ծավալվեցին, հատկապես «տարածքներ խաղաղության դիմաց» շրջանառվող թեզի մասին խոսակցություններից հետո:
Տվյալ պարագայում ինչպես են տեսնում Արցախի հարցի կարգավորման ճակատագիրը արցախյան պաշտոնյաները: Ի վերջո ի՞նչ է մտածում այս ամենի մասին պաշտոնական Արցախը, փորձեցինք հետաքրքրվել նախ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից, ով անդրադառնալով հողերի հանձման մասին խոսակցություններին միանշանակ ասաց.
-Ես չեմ կարծում, որ նման բան առհասարակ լինի, դրանք պարզապես խոսակցություններ են, որոնք պտտվում են տարիներ շարունակ: Եւ չեմ կարծում, որ այդ զրույցները ունեն որեւէ լուրջ հիմք:
Մեր տեսակետը կա ու մնում է նույնը` հնարավոր չէ վերադարձ անցյալին, առհասարակ այսպիսի մոտեցումները հղի են անկանխատեսելի հետեւանքներով:
Երբեք չենք գնա հող հանձնելու ճանապարհով` բացառվում է
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանն էլ, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով արցախյան հարցի շուրջ քննարկվող տարատեսակ խոսակցություններին, նկատեց.
-Ի փառս այսօրվա մեր իշխանություների թե՛ Արցախում, եւ թե՛ Հայաստանում նման խոսակցություններ բացարձակ չկա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչքան հայտարարել է, խոսացել է նման խոսակցություն առհասարակ չի տարել: Ես հավատում եմ Արցախի եւ ՀՀ իշխանություններին, մեզ համենայնդեպս ոչ ոք նման բան չի ասել: Իսկ մեր արցախցիներիս դիրքորոշումը բոլորին է հայտնի. մենք երբեք չենք գնա հող հանձնելու ճանապարհով. դա բացառվում է:
Անդրադառնալով հակառակ դեպքում պատերազմի հնարավորությանը գեներալը ասաց.
-Պատերազմ էսօր-կլինի, վաղը` ոչ ոք չի կարող, բայց, մենք միշտ պետք է պատրաստ լինենք՝պատերազմելու: Ես Ձեզ ավելին ասեմ, պատերազմի վտանգը առկախված է ամբողջ աշխարհի վրա: Ես որպես ճանապարհ անցած զինվորական, վստահ կարող եմ ասել, որ մեծ համաշխարհային պատերազմի վտանգ կա. ամբողջ ազգերը խառնվելու են իրար: Ու հենց այդ ժամանակ, այն փոքր ազգերը, որոնք հույս են դնում գերտերություների վրա` առաջին են տապալվելու:Այնպես որ, մենք պետք է հիմա առավել միասնական լինենք՝քան երբեւէ…
Նոնա Ադամյան